Coat of Arms
State Employment Agency
  • Employment
WAPES-ին անդամակցություն
Վերլուծություններ և հետազոտություն

ԼՈՒՐԵՐ

16.02.2021

Վարձատրվող հասարակական աշխատանքեր Արցախի Հանրապետությունից տեղափոխված բնակիչների համար

Ս/թ. փետրվարի 10-ից «Վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման միջոցով՝ Ադրբեջանի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմի հետևանքով տեղահանված և փաստացի Հայաստանի Հանրապետությունում գտնվող Արցախի Հանրապետության գործազուրկ քաղաքացիների ժամանակավոր զբաղվածության ապահովման» ծրագրի շրջանակներում ՀՀ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում մեկնարկել է «Դիլիջանի ավագ դպրոցին կից ապաստարանի վերանորոգման և տարածքի բարեկարգման» աշխատանքները՝ Արցախի Հանրապետության հինգ գործազուրկ քաղաքացիների մասնակցությամբ՝ երկու ամիս տևողությամբ: Ծրագիրն իրականացվում է Դիլիջանի զբաղվածության տարածքային կենտրոնի և Դիլիջանի տեղական ինքնակառավարման մարմնի միջև կնքված պայմանագրի համաձայն:   

Նշյալ ծրագրի նպատակը վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման միջոցով Ադրբեջանի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմի հետևանքով տեղահանված և փաստացի Հայաստանի Հանրապետությունում գտնվող Արցախի Հանրապետության գործազուրկ քաղաքացիների ժամանակավոր զբաղվածության ապահովումն ու նրանց ընտանիքների սոցիալական խնդիրների մեղմումն է:

Ծրագրում ընդգրկված Արցախի Հանրապետության գործազուրկ քաղաքացիներին օժանդակ (մասնագիտական որակավորում չպահանջող) աշխատանքներ կատարելու համար մեկ աշխատանքային օրվա համար կվճարվի 8000 դրամ՝ ներառյալ եկամտային հարկը, դրոշմանիշային վճարը, ինչպես նաև օրենքով սահմանված դեպքերում` սոցիալական վճարը:

Ծրագրի արժեքը չի կարող գերազանցել 2 մլն դրամը, ընդ որում, նշված ֆինանսական միջոցները տրամադրվում են աշխատավարձերի վճարման, ինչպես նաև շինանյութեր, բարեկարգման համար անհրաժեշտ այլ պարագաներ (ապրանքներ) ձեռք բերելու, տեղափոխելու, աղբահանության ծախսերը փոխհատուցելու նպատակով:

Հաջորդ ծրագրերը կմեկնարկեն Արարատի, Տավուշի, Գեղարքունիքի, Սյունիքի, Շիրակի, Վայոց ձորի  մարզպետարաններից ստացված և ամփոփված ՎՀԱ ծրագրերի իրականացման ժամանակացույցերին համապատասխան: Ծրագրերով նախատեսված աշխատանքների ոլորտները սահմանված են ՀՀ կառավարության 2119-Լ որոշմամբ. դրանք են սոցիալական ենթակառուցվածքի օբյեկտների (դպրոց, մանկապարտեզ, բժշկական հաստատություն, բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություն, մշակույթի տուն), միջհամայնքային և ներհամայնքային ճանապարհների, խճուղիների, մայթերի, այգիների, պուրակների, խաղահրապարակների, գերեզմանատների ցանկապատման, բարեկարգման աշխատանքները, արտակարգ իրավիճակների հետևանքների վերացման օժանդակ աշխատանքները,  բնակչության համար պաշտպանական նշանակություն ունեցող ինժեներական կառույցների շինարարական աշխատանքները: