08.01.2021
Ժամանակավոր զբաղվածության ծրագրեր պատերազմի հետևանքով տեղահանված և փաստացի Հայաստանի Հանրապետությունում գտնվող Արցախի Հանրապետության գործազուրկ քաղաքացիների համար
Պատերազմի հետևանքով տեղահանված և փաստացի Հայաստանի Հանրապետությունում գտնվող Արցախի Հանրապետության գործազուրկ քաղաքացիների ժամանակավոր զբաղվածությունն ապահովելու և սոցիալական վիճակը մեղմելու նպատակով ՀՀ կառավարության կողմից հաստատել է 2 ծրագիր՝ Վարձատրվող հասարակական աշխատանքերի կազմակերպում և Գործազուրկ քաղաքացիներին աշխատանքային փորձ ձեռք բերելու համար աջակցության տրամադրում։
Առաջին ծրագրի նպատակն է Արցախի Հանրապետության գործազուրկ քաղաքացիներին ընդգրկել համայնքներում իրականացվող վարձատրվող հասարակական աշխատանքներում: Մեկ աշխատանքային օրվա համար վճարը 8000 դրամ է՝ ներառյալ եկամտային հարկը և պարտադիր վճարները: Ծրագրի առավելագույն տևողությունը երեք ամիս է:
Երկրորդ ծրագրի շրջանակներում աջակցություն կտրամադրվի Արցախի Հանրապետության գործազուրկ քաղաքացիներին՝ աշխատանքային փորձ ձեռք բերելու, աշխատաշուկայում առավել մրցունակ դառնալու և ժամանակավոր աշխատանքի տեղավորվելու նպատակով։ Ծրագրի տևողությունը երեք ամիս է: Ծրագրի շրջանակներում շահառուին վճարվում է
ամսական աշխատավարձ` 100000 դրամի չափով, իսկ գործատուին փոխհատուցվում է շահառուի աշխատավարձից հաշվարկվող եկամտային հարկը, դրոշմանիշային վճարը և օրենքով սահմանված դեպքերում` սոցիալական վճարը։
Ծրագրի շրջանակներում ամսական 34000 դրամի չափով վարձատրվում է նաև գործատուի մոտ աշխատանքային փորձի ձեռքբերման գործընթացը կազմակերպող մասնագետը:
Վերոնշյալ ծրագրերում ընդգրկվել կարող են պատերազմի հետևանքով տեղահանված և փաստացի Հայաստանի Հանրապետությունում գտնվող այն անձինք, որոնք հաշվառված են և մինչև 2020 թվականի սեպտեմբերի 27-ը առնվազն վերջին 3 ամիսը փաստացի բնակվել են Ադրբեջանի հանրապետության վերահսկողության տակ անցած համայնքներում (տե՛ս ՀՀ կառավարության 2020 թվականի նոյեմբերի 21-ի N 1820-Լ որոշումը):
Ծրագրում ընդգրկվելու նպատակով շահառու հանդիսացող անձը պարտավոր է դիմում ներկայացրել իր փաստացի բնակության վայրը սպասարկող զբաղվածության տարածքային կենտրոն՝ դիմումում նշելով իր հետ կապ հաստատելու համար անհրաժեշտ տեղեկություններ (հեռախոսահամար, այդ թվում` բջջային և (կամ) էլեկտրոնային փոստի հասցե)։
Դիմումը կարող է ներկայացվել ինչպես առձեռն, այնպես էլ առցանց՝ տարածքային կենտրոնի պաշտոնական էլեկտրոնային փոստի միջոցով (զբաղվածության տարածքային կենտրոնների հասցեները, հեռախոսահամարները և էլեկտրոնային փոստի հասցեները տեղադրված են Զբաղվածության պետական գործակալության պաշտոնական կայք-էջում՝ www.employment.am, Կապը մեզ հետ բաժնում)։
Ծրագրերի վերաբերյալ առավել մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարող եք այցելել Ձեր փաստացի բնակության վայրը սպասարկող զբաղվածության տարածքային կենտրոն կամ www.employment.am կայք- էջի Օրենսդրություն բաժինը: