25.12.2020
«Սեզոնային զբաղվածության խթանման միջոցով գյուղացիական տնտեսության աջակցության տրամադրման» ծրագրի իրականացման 2020թ. արդյունքները
Սեզոնային զբաղվածության աջակցության ծրագրի նպատակը գյուղացիական տնտեսություններին աջակցելու միջոցով գյուղական բնակավայրերում սոցիալական լարվածության նվազեցումն է:
Գյուղատնտեսական աշխատանքների սեզոնայնությամբ պայմանավորված՝ ծրագիրը մեկնարկել է մարտ ամսից: Այն իրականացվել է զբաղվածության տարածքային կենտրոններ-մարզպետարաններ սերտ համագործակցությամբ: Տարեսկզբից, համայնքներից ստացված պահանջարկի հիման վրա, մարզպետարանների կողմից ներկայացվել է 12388 հողօգտագործողի ցուցակ 368 համայնքից:
Ելնելով ծրագրի առաջնահերթություններից՝ զբաղվածության տարածքային կենտրոնների կողմից այցելություն է կատարվել 330 համայնք և հողօգտագործողի գյուղատնտեսական աշխատանքների կարիքների գնահատման արդյունքում ծրագիր է կազմվել և պայմանագիր կնքվել 2685 հողօգտագործողի հետ (նախատեսված 2400–ի փոխարեն): Կնքված պայմանագրերի շրջանակներում ծրագրում ընդգրկվել է 6383 շահառու 263 համայնքից: Կնքված պայմանագրերի ընդհանուր արժեքը կազմում է շուրջ 469 մլն 154 հազ. դրամ: Ծրագրի միջին արժեքը ըստ կնքված պայմանագրերի կազմել է շուրջ 174 հազ. դրամ: Ծրագրի արդյունքում մշակված հողատարածքների չափը կազմել է 3599.4 հա: Հիմնականում մշակվել են տարատեսակ մրգեր, բանջարեղեն և գյուղատնտեսական նշանակության խոտաբույսեր:
Կնքված պայմանագրերի ամենամեծ թիվը` 534, Շիրակի մարզում է, որտեղ ծրագրում ընդգրկվել է 44 համայնք, մշակված հողատարածքի չափը կազմում է 767.9 հա, ամենափոքրը՝ Վայոց Ձորի մարզում, որտեղ կնքվել է 72 պայմանագիր, ընդգրկվել է 11 համայնք, մշակված հողատարածքի չափը կազմում է 105.1 հա:
Կառավարության որոշմամբ սահմանված ընթացակարգի համաձայն՝ առաջնահերթության կարգով ծրագիր իրականացվում է լեռնային կամ բարձրլեռնային կամ սահմանամերձ գյուղական բնակավայրերում և առաջին հերթին ուղղված է աշխատաշուկայում առավել խոցելի խմբերին: Այդ խմբերի թվում են ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված և 0-ից բարձր անապահովության միավոր ունեցող, երկու և ավելի անչափահաս երեխա, հաշմանդամ անձ ունեցող, ինչպես նաև զոհված զինծառայողի ընտանիքների անդամները, մանկատան շրջանավարտները, սոցիալական դեպքի վարման շրջանակներում ներկայացված անձինք:
Ծրագրում ընդգրկվել կարող են մինչև 3 հեկտար գյուղատնտեսական նշանակության հողի սեփականատեր կամ վարձակալ կամ անհատույց օգտագործող հանդիսացող այն անձինք, որոնք, նաև նրանց ընտանիքների անդամները ընդգրկված չեն գյուղատնտեսության ոլորտում վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորմամբ իրականացվող պետական աջակցության ծրագրերում:
Ծրագրում ընդգրկված անձանց ստացած եկամուտը ընտանիքների անապահովության գնահատման ժամանակ որպես եկամուտ չի հաշվարկվում: