Զբաղվածության ապահովման և աշխատանքային ներուժի զարգացման վարչության տվյալների համաձայն՝ 2022 թվականի հուլիսի 1-ի դրությամբ տարածքային կենտրոններում հաշվառված աշխատանք փնտրողների թիվը կազմել է 77.6 հազար մարդ, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 14.1%-ով։
Գյուղաբնակները կազմել են աշխատանք փնտրողների 40.9%-ը կամ 31.7 հազ. մարդ՝ նախորդ տարվա 34.2 հազ. մարդու փոխարեն:
Գծապատկեր 1. Աշխատանք փնտրողների թվաքանակը ըստ մարզերի 2021-2022թթ.-ին
Գործազուրկների թվաքանակը կազմում է աշխատանք փնտրողների 68.5%-ը, կամ 53.2 հազար մարդ: Այս ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճել է 0.6%-ով: Գործազուրկ կանանց թվաքանակը կազմում է գործազուրկների թվի 63.8 %-ը, կամ 33.9 հազ. մարդ, երիտասարդների թվաքանակը՝ 16.9%-ը կամ 9.0 հազ. մարդ, իսկ հաշմանդամություն ունեցող գործազուրկ անձանց թվաքանակը՝ 4.4% կամ 2.4 հազ. մարդ:
Գծապատկեր 2. Գործազուրկների բաշխվածությունը ըստ սեռի և ՀՀ մարզերի

Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոններում հաշվառված են 22.5 հազ. առաջին անգամ աշխատանք փնտրողներ, որոնցից 16-29 տարեկան երիտասարդները կազմում են 34,5%-ը:
Ըստ կրթական կազմի բաշխվածության բարձրագույն և հետբուհական կրթություն ունեցողների թիվը կազմում են գործազուրկների թվի 12.4%-ը, միջին մասնագիտական կրթություն ունեցողների թիվը` 16.8%-ը, նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթություն ունեցողների թիվը` 4.9%-ը, ընդհանուր միջնակարգ կրթություն ունեցողները` 55.5 %-ը, հատուկ ընդհանուր, հիմնական ընդհանուր և տարրական կրթություն ունեցողները` 10.4 %-ը:
Գործազուրկների թվաքանակում շարունակում է մեծ թիվ կազմել բարձրագույն կրթություն ունեցող՝ հումանիտար գիտություների, կրթության և մանկավարժության, տնտեսագիտության և կառավարման, միջին մասնագիտական կրթություն ունեցող՝ կրթության, առողջապահության, տնտեսագիտության և կառավարման, սպասարկման, նախնական մասնագիտական կրթություն ունեցող՝ արվեստի և դիզայնի, էկոնոմիկայի և ղեկավարման, տրանսպորտային միջոցների, թեթև արդյունաբերության որոկավորում ունեցող մասնագետները:
Մասնագիտություն չունեցող անձինք կազմում են ընդհանուրի 65.8% -ը:
Ըստ գործազրկության տևողության՝ 1-3 տարի գործազրկության տևողություն ունեցող գործազուրկների թվաքանակը կազմում է ընդհանուր թվաքանակի 34.1 %-ը, 3 տարուց ավելի գործազրկության տևողություն ունեցողներինը՝ 41.1 %-ը, մինչև 1 տարվա գործազրկության տևողություն ունեցողները՝ 24.8%-ը։
Ըստ տարիքային կազմի գործազուրկների թվաքանակում 16-29 տարեկանները կազմում են 16.9%, 30-44 տարեկանները` 43.3%, 45-54 տարեկանները` 20.7 %, 55-ից բարձր տարիքի անձինք` 19.1%:
Գործազուրկների 94.7%-ը աշխատաշուկայում անմրցունակ անձինք են:
Գծապատկեր 3. Գործազուրկների թվաքանակը ըստ կրթական և տարիքային կազմի
2022թվականի հուլիսի 1-ի դրությամբ տարածքային կենտրոններում խորհրդատվություն է ստացել 39.5 հազ. աշխատանք փնտրող՝ աշխատանքի և զբաղվածության օրենսդրության, մասնագիտական կողմնորոշման, զբաղվածության ծրագրերի, աշխատանքի փոփոխման և այլ հարցերով:
Տարածքային կենտրոնները համագործակցել են 20.7 հազ. գործատուի հետ, որոնցից հավաքագրվել է 4862 չկրկնվող թափուր աշխատատեղ: Դրանցից 283-ը՝ նոր ստեղծված աշխատատեղ են, 37-ը նոր ստեղծվող աշխատատեղեր:
Աշխատանքի է տեղավորվել 5159 աշխատանք փնտրող (3367-ը՝ կին, 1311-ը՝ երիտասարդ, 104–ը՝ հաշմանդամություն ունեցող անձ), որից 1671-ը՝ ուղեգրերի միջոցով:
Գծապատկեր 4. Տարեսկզբից աշխատանքի տեղավորվածների թվաքանակը ըստ ՀՀ մարզերի
Տարեսկզբից տարբեր պատճառներով դադարեցվել է 11188 գործազուրկի կարգավիճակը: Ընդ որում 4.6 %-ի կարգավիճակը դադարեցվել է երկու անգամ հարմար աշխատանքի առաջարկից հրաժարվելու, 32.9 %-ի կարգավիճակը՝ տարածքային կենտրոնների հրավերով հարմար աշխատանքի տեղավորման կամ զբաղվածության պետական ծրագրում ընդգրկվելու առաջարկություն ստանալու համար 2 անգամ անհարգելի պատճառով չներկայանալու, 45.9%-ը աշխատանքի տեղավորման և 16.6%-ը այլ պատճառներով:
Ըստ տնտեսության ճյուղերի, աշխատանք փնտրողների աշխատանքի տեղավորման բաշխվածության ամենամեծ տեսակարար կշիռը կազմել է արդյունաբերության՝18.0%, մեծածախ և մանրածախ առևտրի ավտոմեքենաների և մոտոցիկլների նորոգման՝ 17.0%, սպասարկման այլ ծառայությունների՝ 19.3%, կրթության՝ 9.0 % և 36.7 %-ը այլ ոլորտներում:
Գործատուների կողմից ներկայացված թափուր աշխատատեղերի թվաքանակում մեծ թիվ են կազմել
- Բարձր որակավորման՝ մասնագետներ` առողջապահության բնագավառի (բացառությամբ բժշկական խնամքի և մանկաբարձության), բժշկական խնամքի և մանկաբարձության, համակարգիչների, ճարտարապետներ, դասավանդողներ` միջնակարգ դպրոցի,
- Միջին որակավորման՝ աշխատողներ` օժանդակ, համակարգչային սարքավորումների սպասարկման, տեխնիկներ և օպերատորներ` օպտիկական և էլեկտրոնային սարքավորումների, միջին բժշկական անձնակազմի(օժանդակ անձնակազմ), (բացառությամբ բժշկական խնամքի և մանկաբարձության), ֆինանսների և առևտրի բնագավառների, արվեստի, զվարճությունների և մարզական բնագավառների, դասավանդողներ` նախադպրոցական դաստիարակության և կրթության,
- Որակավորում չպահանջող աշխատատեղերը կազմել են ընդհանուրի 25.1 %-ը
2022թվականի հուլիսի 1-ի դրությամբ իրակնացվել են հետևյալ ծրագրերը
- ՀՀ աշխատանքի և սցիալական հարցերի նախարարությունը Հայաստանում Արաբական Էմիրատների դեսպանատան, «Զայեդ» բարեգործական և հումանիտար հիմնադրամի աջակցությամբ՝ համագործակցելով Գյումրու տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի հետ իրականացրել է Կանանց տնտեսական զորեղացումը բարձր արտադրողականություն ունեցող ոլորտում» զբաղվածության խթանման ծրագիր: Շիրակի մարզի տարածքային կենտրոնների միջնորդությամբ ծրագրում ընդգրկվել են 26 շահառու
- «Սահմանամերձ համայնքների դիմակայունության հզորացում» ծրագրի իրականացման համար ընդգրկվել է 70 շահառու(Գեղարքունիկի, Կոտայքի, Վայոց ձորի և Սյունիքի մարզեր)
- ՀՀ աշխատանքի և սցիալական հարցերի նախարարությունը և «Գլոբալ զարգացումների» հիմնադրամի հուշագրի շրջանակներում իրականացվող ծրագրում ընդգրկվել է 100 շահառու(Արագածոտնի, Արարատի, Արմավիրի Կոտայքի մարզերի և Երևան քաղաքի)
- «Ադրբեջանի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմի հետևանքով տեղահանված և փաստացի Հայաստանի Հանրապետությունում գտնվող Արցախի Հանրապետության գործազուրկ քաղաքացիների «Աշխատանքային փորձ ձեռք բերելու համար աջակցության տրամադրման» ծրագրում ընդգրկվել է 24 շահառու
- «Սեզոնային զբաղվածության խթանման միջոցով գյուղացիական տնտեսությանն աջակցության տրամադրում» ծրագրիրը, որում ընդգրկվել է 81 շահառու: