Զբաղվածության ապահովման և աշխատանքային ներուժի զարգացման վարչության տվյալների համաձայն՝ 2022թ.-ի ապրիլի 1-ի դրությամբ ՄՍԾ տարածքային կենտրոններում հաշվառված աշխատանք փնտրողների թիվը կազմել է 82.5 հազար մարդ, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 8.9%-ով։
Գյուղաբնակները կազմել են աշխատանք փնտրողների 40.3%-ը կամ 33.3 հազ. մարդ՝ նախորդ տարվա 34.0 հազ. մարդու փոխարեն:
ՄՍԾ տարածքային կենտրոններում հաշվառված են 23.5 հազ. առաջին անգամ աշխատանք փնտրողներ, որոնցից 16-29 տարեկան երիտասարդները կազմում են 34,4%-ը:
Ըստ կրթական կազմի բաշխվածության բարձրագույն և հետբուհական կրթություն ունեցողների թիվը կազմում են գործազուրկների թվի 12.8%-ը, միջին մասնագիտական կրթություն ունեցողների թիվը` 17.0%-ը, նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթություն ունեցողների թիվը` 4.9%-ը, ընդհանուր միջնակարգ կրթություն ունեցողները` 55.3 %-ը, հատուկ ընդհանուր, հիմնական ընդհանուր և տարրական կրթություն ունեցողները` 10 %-ը:
Գործազուրկների թվաքանակում շարունակում է մեծ թիվ կազմել բարձրագույն կրթություն ունեցող՝ հումանիտար գիտություների, կրթության և մանկավարժության, տնտեսագիտության և կառավարման, միջին մասնագիտական կրթություն ունեցող՝ կրթության, առողջապահության, տնտեսագիտության և կառավարման, սպասարկման, նախնական մասնագիտական կրթություն ունեցող՝ արվեստի և դիզայնի, էկոնոմիկայի և ղեկավարման, տրանսպորտային միջոցների, թեթև արդյունաբերության որոկավորում ունեցող մասնագետները:
Մասնագիտություն չունեցող անձինք կազմում են ընդհանուրի 65.2% -ը:
Ըստ գործազրկության տևողության՝ 1-3 տարի գործազրկության տևողություն ունեցող գործազուրկների թվաքանակը կազմում է ընդհանուր թվաքանակի 27.4 %-ը, 3 տարուց ավելի գործազրկության տևողություն ունեցողներինը՝ 48.0 %-ը, մինչև 1 տարվա գործազրկության տևողություն ունեցողները՝ 24.6%-ը։
Ըստ տարիքային կազմի գործազուրկների թվաքանակում 16-29 տարեկանները կազմում են 17.4%, 30-44 տարեկանները` 42.8%, 45-54 տարեկանները` 20.6 %, 55-ից բարձր տարիքի անձինք` 19.2%:
Գործազուրկների 95.1 %-ը աշխատաշուկայում անմրցունակ անձինք են:
Գծապատկեր 3. Գործազուրկների թվաքանակը ըստ կրթական և տարիքային կազմի, %-ով
2022թ.-ի ապրիլի 1-ի դրությամբ ՏԿ-ներում խորհրդատվություն է ստացել 17,7 հազ. աշխատանք փնտրող՝ աշխատանքի և զբաղվածության օրենսդրության, մասնագիտական կողմնորոշման, զբաղվածության ծրագրերի, աշխատանքի փոփոխման և այլ հարցերով:
Տարածքային կենտրոնները համագործակցել են 20.0 հազ. գործատուի հետ, որոնցից հավաքագրվել է 2269 չկրկնվող թափուր աշխատատեղ: Դրանցից 149-ը՝ նոր ստեղծված աշխատատեղ են, 9-ը նոր ստեղծվող աշխատատեղեր:
Աշխատանքի է տեղավորվել 2472 աշխատանք փնտրող /1622-ը՝ կին, 645-ը՝ երիտասարդ, 58–ը՝ հաշմանդամություն ունեցող անձ/, որից 838-ը՝ ուղեգրերի միջոցով: