Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող Սոցիալական պաշտպանության վարչարարության երկրորդ ծրագրի (վարկ թիվ 5398-ԱՄ) երկրորդ բաղադրիչի «Աշխատաշուկայի ակտիվ ծրագրեր» ենթաբաղադրիչի շրջանակներում իրականացվում է Փոքր բիզնեսի խթանման և Երիտասարդների զբաղվածության խթանման ակտիվ ծրագրերը:
Ծրագրերի նպատակն է խրախուսել աշխատանք փնտրողների ակտիվ մասնակցությունն աշխատաշուկայում և ստեղծել բարձր արտադրողականությամբ աշխատատեղեր:
Փոքր բիզնեսի խթանման ծրագիրն ուղղված է աջակցելու աշխատաշուկայում անմրցունակ անձանց ինքնազբաղվածության հնարավորությունների զարգացմանը: Ծրագրի շրջանակներում սկսնակ գործարարներին, որոնք փոքր ձեռնարկատիրական գործունեություն կիրականացնեն տնտեսության տարբեր ոլորտներում, այդ թվում գյուղատնտեսության, բացի ֆինանսական աջակցությունից, կտրամադրվի նաև խորհրդատվական աջակցություն՝ գործարարության հմտությունների գծով վերապատրաստումների և գործունեության հետագա ուղեկցման միջոցով:
Ծրագրի շահառուները Զբաղվածության պետական գործակալության 51 տարածքային կենտրոններում հաշվառված աշխատաշուկայում անմրցունակ անձինք են, որոնցից առնվազն 20%-ը պետք է լինեն կանայք, իսկ 10%-ը` հաշմանդամություն ունեցող անձինք:
Ծրագրի շրջանակներում նախատեսվում է հանրապետության մարզերում և Երևանում 700 շահառուի ընդգրկել գործարար ուսուցման դասընթացներում և ֆինանսավորել ուսուցում անցած անձանց կողմից ներկայացված առնվազն 250 գործարար ծրագիր:
Ուսուցում անցած անձանց կողմից ներկայացված գործարար ծրագրերը կգնահատվեն Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում ստեղծված աշխատանքային խմբի և կհաստատվեն ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի կողմից: Հաստատված գործարար ծրագրերի իրականացման համար կտրվեն դրամաշնորհներ, որոնց մեծությունը կախված կլինի գործարար ծրագրի բնույթից, ծրագրում՝ որպես վարձու աշխատողներ ընդգրկված անձանց թվաքանակից և նախատեսված ծախսերից:
Գործարար ծրագրերի դրամաշնորհների միջին չափը 1մլն 500հազ. ՀՀ դրամ է (չհաշված հարկերը): Դրամաշնորհի տրամադրման պայմանագրի ժամկետը 1 տարի է՝ ևս 1 տարի հիմնված բիզնեսը շարունակելու պայմանով:
Ծրագիրը կիրականացվի 2016-2018 թթ. ժամանակահատվածում:
Երիտասարդների զբաղվածության խթանման ծրագրի նպատակը մասնագիտական որակավորում չունեցող և առաջին անգամ աշխատաշուկա մուտք գործող երիտասարդ գործազուրկների կայուն զբաղվածության ապահովումն է` նրանց աշխատանքային ունակությունների և հմտությունների տրամադրման գործում աջակցություն ցուցաբերելու ճանապարհով:
Ծրագրի շրջանակներում գործատուների մոտ փորձառու մասնագետների օգնությամբ աշկերտության գործընթացի կազմակերպման միջոցով՝ ըստ նախասիրությունների, տարբեր մասնագիտություններ կուսուցանվեն առնվազն 700 երիտասարդի: Ուսուցման ժամանակահատվածում ուսուցանվողին վճարվելու է ամսական 78 հազ ՀՀ դրամ կրթաթոշակ՝ ներառյալ եկամտային հարկը և սոցիալական վճարը: Ուսուցանող վարպետի աշխատավարձի ամսական հավելումը յուրաքանչյուր աշկերտի համար` 40 հազ ՀՀ դրամ է ներառյալ եկամտային հարկը և սոցիալական վճարը, իսկ մեկից ավելի անձանց ուսուցանելու դեպքում՝ երկրորդ և երրորդ աշկերտներից յուրաքանչյուրի համար՝ 30000 ՀՀ դրամ՝ ներառյալ եկամտային հարկը և նպատակային սոցիալական վճարը: Յուրաքանչյուր աշկերտի ուսուցումը կազմակերպելու համար գործատուին տրվում է ևս ՝ 30 հազ. ՀՀ դրամ:
Ուսուցման առավելագույն տևողությունը 6 ամիս է:
Ծրագիրը կիրականացվի 2016-2018 թթ. ժամանակահատվածում՝ երեք փուլով: