Զբաղվածության ապահովման և աշխատանքային ներուժի զարգացման վարչության տվյալների համաձայն՝ 2022թ.-ի մարտի 1-ի դրությամբ տարածքային կենտրոններում հաշվառված աշխատանք փնտրողների թիվը կազմել է 84.2 հազար մարդ, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 6.4%-ով։
Գյուղաբնակները կազմել են աշխատանք փնտրողների 39.6%-ը կամ 33.3 հազ. մարդ՝ նախորդ տարվա 33.7 հազ. մարդու փոխարեն:
Գծապատկեր 1. Աշխատանք փնտրողների թվաքանակը ըստ մարզերի 2021-2022թթ.-ին
Գործազուրկների թվաքանակը կազմում է աշխատանք փնտրողների 67.6%-ը, կամ 56.9 հազար մարդ: Այս ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ նվազել է 2.5 %-ով: Գործազուրկ կանանց թվաքանակը կազմում է գործազուրկների թվի 63,9 %-ը, կամ 36.4 հազ. մարդ, երիտասարդների թվաքանակը՝ 17.9%-ը կամ 10.2 հազ. մարդ, իսկ հաշմանդամություն ունեցող գործազուրկ անձանց թվաքանակը՝ 4.5% կամ 2.5 հազ. մարդ:
Գծապատկեր 2. Գործազուրկների բաշխվածությունը ըստ սեռի և ՀՀ մարզերի

ՄՍԾ տարածքային կենտրոններում հաշվառված են 24.2 հազ. առաջին անգամ աշխատանք փնտրողներ, որոնցից 16-29 տարեկան երիտասարդները կազմում են 34,4%-ը:
Ըստ կրթական կազմի բաշխվածության բարձրագույն և հետբուհական կրթություն ունեցողների թիվը կազմում են գործազուրկների թվի 12.8%-ը, միջին մասնագիտական կրթություն ունեցողների թիվը` 17.0%-ը, նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթություն ունեցողների թիվը` 5.0%-ը, ընդհանուր միջնակարգ կրթություն ունեցողները` 55.3 %-ը, հատուկ ընդհանուր, հիմնական ընդհանուր և տարրական կրթություն ունեցողները` 9.9 %-ը:
Գործազուրկների թվաքանակում շարունակում է մեծ թիվ կազմել բարձրագույն կրթություն ունեցող՝ հումանիտար գիտություների, կրթության և մանկավարժության, տնտեսագիտության և կառավարման, միջին մասնագիտական կրթություն ունեցող՝ կրթության, առողջապահության, տնտեսագիտության և կառավարման, սպասարկման, նախնական մասնագիտական կրթություն ունեցող՝ արվեստի և դիզայնի, էկոնոմիկայի և ղեկավարման, տրանսպորտային միջոցների, թեթև արդյունաբերության որոկավորում ունեցող մասնագետները:
Մասնագիտություն չունեցող անձինք կազմում են ընդհանուրի 65.2% -ը:
Ըստ գործազրկության տևողության՝ 1-3 տարի գործազրկության տևողություն ունեցող գործազուրկների թվաքանակը կազմում է ընդհանուր թվաքանակի 26.5 %-ը, 3 տարուց ավելի գործազրկության տևողություն ունեցողներինը՝ 47.5 %-ը, մինչև 1 տարվա գործազրկության տևողություն ունեցողները՝ 26.0%-ը։
Ըստ տարիքային կազմի գործազուրկների թվաքանակում 16-29 տարեկանները կազմում են 17.9%, 30-44 տարեկանները` 42.2%, 45-54 տարեկանները` 20.7 %, 55-ից բարձր տարիքի անձինք` 19.2%:
Գործազուրկների 95.1 %-ը աշխատաշուկայում անմրցունակ անձինք են:
Գծապատկեր 3. Գործազուրկների թվաքանակը ըստ կրթական և տարիքային կազմի, %-ով


2022թ.-ի մարտի 1-ի դրությամբ ՏԿ-ներում խորհրդատվություն է ստացել 11,4 հազ. աշխատանք փնտրող՝ աշխատանքի և զբաղվածության օրենսդրության, մասնագիտական կողմնորոշման, զբաղվածության ծրագրերի, աշխատանքի փոփոխման և այլ հարցերով:
Տարածքային կենտրոնները համագործակցել են 19.9 հազ. գործատուի հետ, որոնցից հավաքագրվել է 1393 չկրկնվող թափուր աշխատատեղ: Դրանցից 117-ը՝ նոր ստեղծված աշխատատեղ են:
Աշխատանքի է տեղավորվել 1534 աշխատանք փնտրող /1035-ը՝ կին, 400-ը՝ երիտասարդ, 38–ը՝ հաշմանդամություն ունեցող անձ/, որից 465-ը՝ ուղեգրերի միջոցով:
Գծապատկեր 4. Տարեսկզբից աշխատանքի տեղավորվածների թվաքանակը ըստ ՀՀ մարզերի
Տարեսկզբից տարբեր պատճառներով դադարեցվել է 3437 գործազուրկի կարգավիճակը: Ընդ որում 3.6 %-ի կարգավիճակը դադարեցվել է երկու անգամ հարմար աշխատանքի առաջարկից հրաժարվելու, 27.1 %-ի կարգավիճակը՝ տարածքային կենտրոնների հրավերով հարմար աշխատանքի տեղավորման կամ զբաղվածության պետական ծրագրում ընդգրկվելու առաջարկություն ստանալու համար 2 անգամ անհարգելի պատճառով չներկայանալու, 44.6%-ը աշխատանքի տեղավորման և 24.7 %-ը այլ պատճառներով:
Ըստ տնտեսության ճյուղերի, աշխատանք փնտրողների աշխատանքի տեղավորման բաշխվածության ամենամեծ տեսակարար կշիռը կազմել է արդյունաբերության՝17.7% ,մեծածախ և մանրածախ առևտրի ավտոմեքենաների և մոտոցիկլների նորոգման՝ 20.6%, սպասարկման այլ ծառայությունների՝ 19.2%, կրթության՝ 8.5% և 34.0 %-ը այլ ոլորտներում:
Գործատուների կողմից ներկայացված թափուր աշխատատեղերի թվաքանակում մեծ թիվ են կազմել.
- Բարձր որակավորման՝ մասնագետներ` համակարգիչների, ճարտարապետներ, ճարտարագետներ և մասնագետներ`առողջապահության բնագավառի (բացառությամբ բժշկական խնամքի և մանկաբարձության)
- Միջին որակավորման՝ աշխատողներ` օժանդակ, համակարգչային սարքավորումների սպասարկման, տեխնիկներ և օպերատորներ` օպտիկական և էլեկտրոնային սարքավորումների, միջին բժշկական անձնակազմի(օժանդակ անձնակազմ), (բացառությամբ բժշկական խնամքի և մանկաբարձության), ֆինանսների և առևտրի բնագավառների, արվեստի, զվարճությունների և մարզական բնագավառների, դասավանդողներ` նախադպրոցական դաստիարակության և կրթության,
- Որակավորում չպահանջող աշխատատեղերը կազմել են ընդհանուրի 22.8 %-ը: