Coat of Arms
State Employment Agency
  • Employment
WAPES-ին անդամակցություն
Վերլուծություններ և հետազոտություն

Աշխատաշուկայի իրավիճակը 2021թ. սեպտեմբերի 1-ի դրությամբ

Զբաղվածության ապահովման և աշխատանքային ներուժի զարգացման վարչության տվյալների համաձայն՝ 2021թ.-ի սեպտեմբերի 1-ի դրությամբ  տարածքային կենտրոններում հաշվառված աշխատանք փնտրողների թիվը կազմել է 90.3 հազար մարդ, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 1.9 %-ով։ 

Գյուղաբնակները կազմել են աշխատանք փնտրողների 37.9 %-ը  կամ  34.2 հազ. մարդ՝ նախորդ տարվա 33,3 հազ. մարդու փոխարեն:

Գծապատկեր 1. Աշխատանք փնտրողների թվաքանակը ըստ  մարզերի  2020-2021թթ.-ին

Գործազուրկների թվաքանակը կազմում է աշխատանք փնտրողների 67.4 %-ը, կամ 60.8 հազար մարդ: Այս ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ նվազել է  0.5 %-ով: Գործազուրկ կանանց թվաքանակը կազմում է գործազուրկների թվի 64,7 %-ը, կամ 39.4 հազ. մարդ, երիտասարդների թվաքանակը՝ 18.7%-ը կամ 11.3 հազ. մարդ, իսկ հաշմանդամություն ունեցող գործազուրկ անձանց թվաքանակը՝ 4.1%  կամ 2.5 հազ. մարդ:
    
Գծապատկեր 2.  Գործազուրկների բաշխվածությունը ըստ սեռի և ՀՀ մարզերի
ՄՍԾ տարածքային կենտրոններում հաշվառված են 25.6 հազ. առաջին անգամ աշխատանք փնտրողներ, որոնցից 16-29 տարեկան երիտասարդները կազմում են 34,9%:
Ըստ կրթական կազմի բաշխվածության բարձրագույն և հետբուհական կրթություն ունեցողների թիվը կազմում են գործազուրկների թվի 13.5%-ը, միջին մասնագիտական կրթություն ունեցողների թիվը` 17.1%-ը, նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթություն ունեցողների թիվը` 5.2%-ը, ընդհանուր միջնակարգ կրթություն ունեցողները` 54.7 %-ը, հատուկ ընդհանուր, հիմնական ընդհանուր և տարրական կրթություն ունեցողները` 9.5 %-ը: 
Գործազուրկների թվաքանակում շարունակում է մեծ թիվ կազմել բարձրագույն կրթություն ունեցող՝  հումանիտար գիտություների, կրթության և մանկավարժության, տնտեսագիտության և կառավարման, միջին մասնագիտական կրթություն ունեցող՝  կրթության, առողջապահության, տնտեսագիտության և կառավարման, սպասարկման, նախնական մասնագիտական կրթություն ունեցող՝  արվեստի և դիզայնի, էկոնոմիկայի և ղեկավարման,  տրանսպորտային միջոցների,  թեթև արդյունաբերության  որոկավորում ունեցող մասնագետները: 
Մասնագիտություն չունեցող անձինք կազմում են ընդհանուրի 64.2 % -ը:
Ըստ գործազրկության տևողության՝ 1-3 տարի գործազրկության տևողություն ունեցող գործազուրկների թվաքանակը կազմում է ընդհանուր թվաքանակի 27.3%-ը, 3 տարուց ավելի գործազրկության տևողություն ունեցողներինը՝ 47.8 %-ը, մինչև 1 տարվա գործազրկության տևողություն ունեցողները՝ 24.9%-ը։
Ըստ տարիքային կազմի գործազուրկների թվաքանակում  16-29 տարեկանները կազմում են 18.7%,   30-44 տարեկանները` 41.9%, 45-54 տարեկանները` 20.3 %, 55-ից բարձր տարիքի անձինք` 19.1%:
Գործազուրկների 94.8 %-ը աշխատաշուկայում անմրցունակ անձինք են:
Գծապատկեր 3. Գործազուրկների թվաքանակը ըստ կրթական և տարիքային կազմի, %-ով
2021թ.-ի սեպտեմբերի 1-ի դրությամբ ՏԿ-ներում խորհրդատվություն է ստացել 42.8 հազ. աշխատանք փնտրող՝  աշխատանքի և զբաղվածության  օրենսդրության, մասնագիտական կողմնորոշման, զբաղվածության ծրագրերի, աշխատանքի փոփոխման  և այլ հարցերով:
Տարածքային կենտրոնները համագործակցել են 20.9 հազ. գործատուի հետ, որոնցից հավաքագրվել է  5571  չկրկնվող թափուր աշխատատեղ: Դրանցից 156-ը՝ նոր ստեղծված աշխատատեղ են: 
Աշխատանքի է տեղավորվել 6030 աշխատանք փնտրող  /4066-ը՝ կին, 1727-ը՝ երիտասարդ, 91–ը՝ հաշմանդամություն ունեցող անձ/, որից 707-ը՝ զբաղվածության ծրագրերի միջոցով, իսկ 1009-ը՝ ուղեգրերի միջոցով: 
Գծապատկեր 4. Տարեսկզբից աշխատանքի տեղավորվածների թվաքանակը ըստ ՀՀ  մարզերի.
Տարեսկզբից տարբեր պատճառներով կասեցվել է 1615 և դադարեցվել՝ 9704 գործազուրկի կարգավիճակը: Ընդ որում 0.6 %-ի կարգավիճակը դադարեցվել է երկու անգամ հարմար աշխատանքի առաջարկից հրաժարվելու, 19.0 %-ի կարգավիճակը՝ զբաղվածության գործակալության հրավերով  հարմար աշխատանքի տեղավորման  կամ զբաղվածության պետական ծրագրում ընդգրկվելու առաջարկություն  ստանալու համար 2 անգամ անհարգելի պատճառով չներկայանալու, 60.0 %-ը աշխատանքի տեղավորման և 20.4 %-ը այլ  պատճառներով:  
Ըստ տնտեսության ճյուղերի, աշխատանք փնտրողների աշխատանքի տեղավորման բաշխվածության ամենամեծ տեսակարար կշիռը կազմել է մեծածախ և մանրածախ առևտրի ավտոմեքենաների  և մոտոցիկլների նորոգման՝ 18.9%, արդյունաբերության՝ 17.4%, սպասարկման այլ ծառայությունների՝ 19.1%, կրթության՝ 8.5% և 36.1 %-ը այլ ոլորտներում:
Գործատուների կողմից ներկայացված թափուր աշխատատեղերի  թվաքանակում մեծ թիվ են կազմել.
  • Բարձր որակավորման՝ առողջապահության բնագավառի մասնագետները, դասավանդողներ, մասամբ նաև ճարտարապետները, ճարտարագետները և հարակից մասնագետները, 
  • Միջին որակավորման՝  միջին բժշկական անձնակազմի աշխատողները (օժանդակ անձնակազմ), ֆինանսների և առևտրի, արվեստի, զվարճությունների մասնագետները,
  • Նախնական որակավորման՝ օպերատորները, գանձապահները և հարակից զբաղմունքների աշխատողները, խանութների  վաճառողները և  ապրանքների ցուցադրողները, այլ, անհատական ծառայություններ մատուցող աշխատողները, սննդի արդյունաբերության, շինարարության և այլ որակավորված բանվորները:   
  • Որակավորում չպահանջող աշխատատեղերը կազմել են ընդհանուրի 26.1 %-ը:
2021թ.-ի սեպտեմբերի 1-ի դրությամբ իրականացվել են հետևյալ զբաղվածության  ծրագրերը.
1.«Աշխատաշուկայում անմրցունակ անձանց անասնապահությամբ (տավարաբուծությամբ, ոչխարաբուծությամբ, խոզաբուծությամբ,այծաբուծությամբ, թռչնաբուծությամբ) զբաղվելու համար աջակցության տրամադրում» ծրագիրը, որում ընդգրկվել է 272 շահառու, 139-ը` կին, 33 հաշմանդամություն ունեցող անձ, 36-ը՝ երիտասարդ, 244-ը` գյուղաբնակ:
2. «Ձեռք բերված մասնագիտությամբ մասնագիտական աշխատանքային փորձ      ձեռք բերելու համար գործազուրկներին աջակցության տրամադրում» ծրագիրը, որի արդյունքում գործատուի մոտ մասնագիտական պրակտիկա է անցել 203 շահառու, նրանցից` 167-ը` կին, 182-ը՝ 16-29 տարեկան երիտասարդ  են, 5 հաշմանդամություն ունեցող անձ  50-ը՝ գյուղաբնակ:
3. «Աշխատաշուկայում անմրցունակ անձանց աշխատանքի տեղավորման դեպքում գործատուին միանվագ փոխհատուցման տրամադրում»  ծրագիրը, որի արդյունքում աշխատանքի է տեղավորվել 199 շահառու: Նրանցից  166-ը՝ կանայք են, 71-ը՝ երիտասարդ, 2 հաշմանդամություն ունեցող անձ  47-ը՝ գյուղաբնակ:
4. «Աշխատաշուկայում անմրցունակ ազատազրկման վայրերից վերադարձած, հաշմանդամություն ունեցող, ինչպես նաև «հաշմանդամություն ունեցող երեխա» կարգավիճակ ունեցող անձանց աշխատանքի տեղավորման դեպքում գործատուին աշխատավարձի մասնակի փոխհատուցման և հաշմանդամություն ունեցող անձին ուղեկցողի համար դրամական օգնության տրամադրում» ծրագիրը, որի միջոցով աշխատանքի է տեղավորվել 10 շահառու, 6-ը՝ կին, 3-ը՝ երիտասարդ, 4-ը՝ գյուղաբնակ:
5. «Մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող աշխատանք փնտրող անձանց՝ մինչև երեխայի երկու տարին լրանալը աշխատանքի վերադառնալու դեպքում երեխայի խնամքն աշխատանքին զուգահեռ կազմակերպելու համար աջակցության տրամադրման» ծրագիրը, որի միջոցով աշխատանքի է վերադարձել 425 շահառու,որից 424-ը կին, նրանցից 157-ը՝ 16-29 տարեկան երիտասարդ է, 1 հաշմանդամություն ունեցող անձ :
6. «Սեզոնային զբաղվածության խթանման միջոցով գյուղացիական տնտեսությանն աջակցության տրամադրում» ծրագիրը որում ընդգրկվել է 940 շահառու, որոնցից 266-ը՝ կանաք են, 48-ը՝ երիտասարդ է, 109-ը՝ հաշմանդամ:
Բացի վերը նշված ծրագրերից, այս տարի զբաղվածության ծրագրի շրջանակներում սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմի հետևանքով տեղահանված եվ փաստացի ՀՀ-ում գտնվող Արցախի հանրապետության գործազուրկ քաղաքացիների համար կազմակերպվում են հետևյալ 2 ծրագրերը.
7. «Ռազմական դրությամբ պայմանավորված՝ վարձատրվող հասարակակական աշխատանքների կազմակերպման միջոցով՝ Ադրբեջանի կողմից 2020թ. սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմի հետևանքով տեղահանված և փաստացի ՀՀ գտնվող Արցախի Հանրապետության գործազուրկ քաղաքացիների ժամանակավոր զբաղվածության ապահովում» ծրագիրը, որը մեկնարկեց սեպտեմբերի 1-ի դրությամբ Արարատի մարզի Մասիսի տարածաշրջնում, Սյունիքի մարզի Գորիսի տարածաշրջանում, Վայոց Ձորի մարզի Եղեգնաձորի, Վայքի տարածաշրջաններում և Ջերմուկ քաղաքում, Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանում և Դիլիջան քաղաքում: Արդյունքում 78 շահառու ընդգրկվեց կազմակերպված աշխատանքներում: 
8. «Ռազմական դրությամբ պայմանավորված՝ Ադրբեջանի կողմից 2020թ. սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմի հետևանքով տեղահանված և փաստացի ՀՀ-ում գտնվող Արցախի Հանրապետության  գործազուրկ քաղաքացիների աշխատանքային փորձ ձեռք բերելու համար աջակցության տրամադրում» ծրագիրը, որում ընդգրկվել է 321 շահառու: 
Բացի վերը նշված 2 ծրագրից, UNDP կազմակերպության  ֆինանսավորմամբ, «Հայ առաջադեմ երիտասարդներ» ՀԿ-ի կողմից, համաձայն զբաղվածության պետական գործակալության և վերջինիս հետ կնքված փոխըմբռնման հուշագրի,  Արցախի թվով 70 քաղաքացու համար, Գեղարքունիքի, Սյունիքի և Վայոց Ձորի մարզերում կազմակերպվեց «Արցախի Հանրապետության գործազուրկ քաղաքացիների աշխատանքային փորձ ձեռք բերելու համար աջակցության  տրամադրման»  ծրագիրը: Այս ծրագրի միջոցով վերջիններս ձեռք բերեցին  վարսահարդարի, հրուշակագործի, մատնահարդարի, վաճառողի և աշխատաշուկայում պահանջարկ ունեցող այլ մասնագիտություններ, իսկ մասնագիտություն ունեցողները՝ աշխատանքային փորձ: 
Ընդհանուր առմամբ 2021թ–ին  ՄՍԾ տարածքային կենտրոններ են դիմել և հաշվառվել շուրջ 2356 ՀՀ-ում գտնվող Արցախի հանրապետության քաղաքացի, որոնցից 1475-ին տրվել է գործազուրկի կարգավիճակ: