Coat of Arms
State Employment Agency
  • Employment
WAPES-ին անդամակցություն
Վերլուծություններ և հետազոտություն

Աշխատաշուկայի իրավիճակը 2021թ. հուլիս 1-ի դրությամբ

 

Զբաղվածության ապահովման և աշխատանքային ներուժի զարգացման վարչության տվյալների համաձայն՝ 2021թ.-ի հուլիսի 1-ի դրությամբ  տարածքային կենտրոններում հաշվառված աշխատանք փնտրողների թիվը կազմել է 90.3 հազար մարդ, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 3%-ով։ Գյուղաբնակները կազմել են աշխատանք փնտրողների 37.9 %-ը  կամ  34.2 հազ. մարդ՝ նախորդ տարվա 32.8 հազ. մարդու փոխարեն:

Գծապատկեր 1. Աշխատանք փնտրողների թվաքանակը ըստ  մարզերի    2020-2021թթ.-ին

Գործազուրկների թվաքանակը կազմում է աշխատանք փնտրողների 67.9 %-ը, կամ 61.4 հազար մարդ: Այս ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ նվազել է  0.8 %-ով: Գործազուրկ կանանց թվաքանակը կազմում է գործազուրկների թվի 64,9 %-ը, կամ 39.8 հազ. մարդ, երիտասարդների թվաքանակը՝ 18.7%-ը կամ 11.5 հազ. մարդ, իսկ հաշմանդամություն ունեցող գործազուրկ անձանց թվաքանակը՝ 4.0%  կամ 2.5 հազ. մարդ:
Գծապատկեր 2.  Գործազուրկների բաշխվածությունը ըստ սեռի և ՀՀ մարզերի
ՄՍԾ տարածքային կենտրոններում հաշվառված են 26.0 հազ. առաջին անգամ աշխատանք փնտրողներ, որոնցից 16-29 տարեկան երիտասարդները կազմում են 35.3%:
Ըստ կրթական կազմի բաշխվածության բարձրագույն և հետբուհական կրթություն ունեցողների թիվը կազմում են գործազուրկների թվի 13.4%-ը, միջին մասնագիտական կրթություն ունեցողների թիվը` 17.2%-ը, նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթություն ունեցողների թիվը` 5.3%-ը, ընդհանուր միջնակարգ կրթություն ունեցողները` 54.6 %-ը, հատուկ ընդհանուր, հիմնական ընդհանուր և տարրական կրթություն ունեցողները` 9.5 %-ը: 
 Գործազուրկների թվաքանակում շարունակում է մեծ թիվ կազմել բարձրագույն կրթություն ունեցող՝  հումանիտար գիտություների, կրթության և մանկավարժության, տնտեսագիտության և կառավարման, միջին մասնագիտական կրթություն ունեցող՝  կրթության, առողջապահության, տնտեսագիտության և կառավարման, սպասարկման, նախնական մասնագիտական կրթություն ունեցող՝  արվեստի և դիզայնի, էկոնոմիկայի և ղեկավարման,  տրանսպորտային միջոցների,  թեթև արդյունաբերության  որակավորում ունեցող մասնագետները: 
Մասնագիտություն չունեցող անձինք կազմում են ընդհանուրի 64.1 % -ը:
Ըստ գործազրկության տևողության՝ 1-3 տարի գործազրկության տևողություն ունեցող գործազուրկների թվաքանակը կազմում է ընդհանուր թվաքանակի 26.6%-ը, 3 տարուց ավելի գործազրկության տևողություն ունեցողները՝ 48.9 %-ը, մինչև 1 տարվա գործազրկության տևողություն ունեցողները՝ 24.5%-ը։
Ըստ տարիքային կազմի գործազուրկների թվաքանակում  16-29 տարեկանները կազմում են 18.7%,   30-44 տարեկանները` 41.8%, 45-54 տարեկանները` 20.3 %, 55-ից բարձր տարիքի անձինք` 19.2%:
Գործազուրկների 94.9 %-ը աշխատաշուկայում անմրցունակ անձինք են:
Գծապատկեր 3. Գործազուրկների թվաքանակը ըստ կրթական և տարիքային կազմի, %-ով
2021թ.-ի հուլիսի 1-ի դրությամբ տարածքային կենտրոններում խորհրդատվություն է ստացել 30.2 հազ. աշխատանք փնտրող՝  աշխատանքի և զբաղվածության  օրենսդրության, մասնագիտական կողմնորոշման, զբաղվածության ծրագրերի, աշխատանքի փոփոխման  և այլ հարցերով:
Տարածքային կենտրոնները համագործակցել են 20.4 հազ. գործատուի հետ, որոնցից հավաքագրվել է  3913  չկրկնվող թափուր աշխատատեղ: Դրանցից 88-ը՝ նոր ստեղծված աշխատատեղ են: 
Աշխատանքի է տեղավորվել 4371 աշխատանք փնտրող /2912-ը՝ կին, 1265-ը՝ երիտասարդ, 59–ը՝ հաշմանդամություն ունեցող անձ/, որից 412-ը՝ զբաղվածության ծրագրերի միջոցով, իսկ 679-ը՝ ուղեգրերի միջոցով: 
Գծապատկեր 4. Տարեսկզբից աշխատանքի տեղավորվածների թվաքանակը ըստ ՀՀ  մարզերի.
Տարեսկզբից տարբեր պատճառներով կասեցվել է 1143 և դադարեցվել՝ 6902 գործազուրկի կարգավիճակը: Ընդ որում 0.4 %-ի կարգավիճակը դադարեցվել է երկու անգամ հարմար աշխատանքի առաջարկից հրաժարվելու, 17 %-ի կարգավիճակը՝ տարածքային կենտրոնների հրավերով  հարմար աշխատանքի տեղավորման  կամ զբաղվածության պետական ծրագրում ընդգրկվելու առաջարկություն  ստանալու համար երկու անգամ անհարգելի պատճառով չներկայանալու, 63.3 %-ը աշխատանքի տեղավորման և 21.3 %-ը այլ  պատճառներով:  
Ըստ տնտեսության ճյուղերի, աշխատանք փնտրողների աշխատանքի տեղավորման բաշխվածության ամենամեծ տեսակարար կշիռը կազմել է մեծածախ և մանրածախ առևտրի ավտոմեքենաների  և մոտոցիկլների նորոգման՝ 19.1%, արդյունաբերության՝ 17.6 %, սպասարկման այլ ծառայությունների՝ 19%, կրթության՝ 9.4% և 34.9 %-ը այլ ոլորտներում:
Գործատուների կողմից ներկայացված թափուր աշխատատեղերի  թվաքանակում մեծ թիվ են կազմել.
  • Բարձր որակավորման՝ առողջապահության բնագավառի մասնագետները, դասավանդողներ, մասամբ նաև ճարտարապետները, ճարտարագետները և հարակից մասնագետները, 
  •  Միջին որակավորման՝  միջին բժշկական անձնակազմի աշխատողները (օժանդակ անձնակազմ), ֆինանսների և առևտրի, արվեստի, զվարճությունների մասնագետները,
  •  Նախնական որակավորման՝ օպերատորները, գանձապահները և հարակից զբաղմունքների աշխատողները, խանութների  վաճառողները և  ապրանքների ցուցադրողները, այլ, անհատական ծառայություններ մատուցող աշխատողները, սննդի արդյունաբերության, շինարարության և այլ որակավորված բանվորները:   
  •  Որակավորում չպահանջող աշխատատեղերը կազմել են ընդհանուրի  24.9 %-ը:
2021թ.-ի հուլիսի 1-ի դրությամբ իրականացվել են հետևյալ զբաղվածության  ծրագրերը.

1.«Աշխատաշուկայում անմրցունակ անձանց անասնապահությամբ (տավարաբուծությամբ, ոչխարաբուծությամբ, խոզաբուծությամբ,այծաբուծությամբ, թռչնաբուծությամբ) զբաղվելու համար աջակցության տրամադրում» ծրագիրը, որում ընդգրկվել է 112 շահառու, 51-ը` կին, 15 հաշմանդամություն ունեցող անձ, 14-ը՝ երիտասարդ, 99-ը` գյուղաբնակ:
2. «Ձեռք բերված մասնագիտությամբ մասնագիտական աշխատանքային փորձ      ձեռք բերելու համար գործազուրկներին աջակցության տրամադրում» ծրագիրը, որի արդյունքում գործատուի մոտ մասնագիտական պրակտիկա է անցել 145 շահառու, նրանցից` 125-ը՝ 16-29 տարեկան երիտասարդ  են, 4 հաշմանդամություն ունեցող անձ  36-ը՝ գյուղաբնակ:
3. «Աշխատաշուկայում անմրցունակ անձանց աշխատանքի տեղավորման դեպքում գործատուին միանվագ փոխհատուցման տրամադրում»  ծրագիրը, որի արդյունքում աշխատանքի է տեղավորվել 127 շահառու: Նրանցից  110-ը՝ կանայք են, 51-ը՝ երիտասարդ, 2 հաշմանդամություն ունեցող անձ  34-ը՝ գյուղաբնակ:
4. «Աշխատաշուկայում անմրցունակ ազատազրկման վայրերից վերադարձած, հաշմանդամություն ունեցող, ինչպես նաև «հաշմանդամություն ունեցող երեխա» կարգավիճակ ունեցող անձանց աշխատանքի տեղավորման դեպքում գործատուին աշխատավարձի մասնակի փոխհատուցման և հաշմանդամություն ունեցող անձին ուղեկցողի համար դրամական օգնության տրամադրում» ծրագիրը, որի միջոցով աշխատանքի է տեղավորվել 8 շահառու, 4-ը՝ կին, 2-ը՝ երիտասարդ, 3-ը՝ գյուղաբնակ:
5. «Մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող աշխատանք փնտրող անձանց՝ մինչև երեխայի երկու տարին լրանալը աշխատանքի վերադառնալու դեպքում երեխայի խնամքն աշխատանքին զուգահեռ կազմակերպելու համար աջակցության տրամադրման» ծրագիրը, որի միջոցով աշխատանքի է վերադարձել 316 կին շահառու, նրանցից 122-ը՝ 16-29 տարեկան երիտասարդ 1-ը հաշմանդամ:
6.«Սեզոնային զբաղվածության խթանման միջոցով գյուղացիական տնտեսությանն աջակցության տրամադրում» ծրագիրը որում ընդգրկվել է 676 շահառու, որոնցից 175-ը՝ կանայք են, 47-ը՝ երիտասարդ է, 77-ը՝ հաշմանդամ:
Բացի վերը նշված ծրագրերից, զբաղվածության ծրագրերի շրջանակներում Սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմի հետևանքով տեղահանված եվ փաստացի ՀՀ-ում գտնվող Արցախի հանրապետության գործազուրկ քաղաքացիների համար կազմակերպվում են հետևյալ 2 ծրագրերը.
1. «Ռազմական դրությամբ պայմանավորված՝ վարձատրվող հասարակակական աշխատանքների կազմակերպման միջոցով՝ Ադրբեջանի կողմից 2020թ. սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմի հետևանքով տեղահանված և փաստացի ՀՀ գտնվող Արցախի Հանրապետության գործազուրկ քաղաքացիների ժամանակավոր զբաղվածության ապահովում» ծրագիրը, որը մեկնարկվեց հունիսի 1-ի դրությամբ Արարատի մարզի Մասիսի տարածաշրջնում, Սյունիքի մարզի Գորիսի տարածաշրջանում, Վայոց Ձորի մարզի Եղեգնաձորի և Ջերմուկի տրածաշրջաններում և Տավուշի մարզի Նոյեմբերյանի  և Դիլիջանի տարածաշրջաններում: Արդյունքում 78 շահառու ընդգրկվել է վարձատրվող հասարակական աշխատանքներում: 
2. «Ռազմական դրությամբ պայմանավորված՝ Ադրբեջանի կողմից 2020թ. սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմի հետևանքով տեղահանված և փաստացի ՀՀ-ում գտնվող Արցախի Հանրապետության  գործազուրկ քաղաքացիների աշխատանքային փորձ ձեռք բերելու համար աջակցության տրամադրում» ծրագիրը, որում ընդգրկվել է 167 շահառու: 
Բացի վերը նշված 2 ծրագրից, UNDP միաջազգային կազմակերպության  ֆինանսավորմամբ, «Հայ առաջադեմ երիտասարդներ» ՀԿ-ի կողմից, համաձայն Զբաղվածության պետական գործակալության և վերջինիս հետ կնքված փոխըմբռնման հուշագրի,  Արցախի թվով 70 քաղաքացու համար, Գեղարքունիքի, Սյունիքի և Վայոց Ձորի մարզերում կազմակերպվել է «Արցախի Հանրապետության գործազուրկ քաղաքացիների աշխատանքային փորձ ձեռք բերելու համար աջակցության  տրամադրման»  ծրագիրը: Այս ծրագրի միջոցով վերջիններս ձեռք բերեցին  վարսահարդարի, հրուշակագործի, մատնահարդարի, վաճառողի և աշխատաշուկայում պահանջարկ ունեցող այլ մասնագիտություններ, իսկ մասնագիտություն ունեցողները՝ աշխատանքային փորձ: 
«Արցախի Հանրապետության գործազուրկ քաղաքացիների աշխատանքային փորձ ձեռք բերելու համար աջակցության  տրամադրման» ծրագրում ընդգրկված  շուրջ 60 մասնակիցների, ըստ անհրաժեշտության, «Վորլդ Վիժն Հայաստան» զարգացման և բարեգործական միջազգային կազմակերպության կողմից  կտրամադրվի աշխատանքային գործիքներ: 
2021թ–ին  տարածքային կենտրոններ են դիմել և հաշվառվել շուրջ 2266 ՀՀ-ում գտնվող Արցախի հանրապետության քաղաքացի, որոնցից 1448-ին տրվել է գործազուրկի կարգավիճակ: