Coat of Arms
State Employment Agency
  • Employment
WAPES-ին անդամակցություն
Վերլուծություններ և հետազոտություն

Աշխատաշուկայի իրավիճակը 2021թ. ապրիլի 1-ի դրությամբ

Զբաղվածության պետական գործակալության տվյալների համաձայն՝ 2021թ.-ի ապրիլի 1-ի դրությամբ զբաղվածության տարածքային կենտրոններում հաշվառված աշխատանք փնտրողների թիվը կազմել է 90,6 հազար մարդ, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 5.2 %-ով։ 

Գյուղաբնակները կազմել են աշխատանք փնտրողների 37.5 %-ը  կամ  34.0 հազ. մարդ՝ նախորդ տարվա 31,7 հազ. մարդու փոխարեն:

Գծապատկեր 1. Աշխատանք փնտրողների թվաքանակը ըստ  մարզերի       2020-2021թթ.-ին

 

Գործազուրկների թվաքանակը կազմում է աշխատանք փնտրողների 69.5 %-ը, կամ 63.0 հազար մարդ: Այս ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճել  է  2.2 %-ով: Գործազուրկ կանանց թվաքանակը կազմում է գործազուրկների թվի 64,7 %-ը, կամ 40.7 հազ. մարդ, երիտասարդների թվաքանակը՝ 18.8%-ը կամ 11.8 հազ. մարդ, իսկ հաշմանդամություն ունեցող գործազուրկ անձանց թվաքանակը՝ 4%  կամ 2.5 հազ. մարդ:
Գծապատկեր 2.  Գործազուրկների բաշխվածությունը ըստ սեռի և ՀՀ մարզերի
             
Զբաղվածության տարածքային կենտրոններում հաշվառված են 26.5 հազ. առաջին անգամ աշխատանք փնտրողներ, որոնցից 16-29 տարեկան երիտասարդները կազմում են 35,6%:
Ըստ կրթական կազմի բաշխվածության բարձրագույն և հետբուհական կրթություն ունեցողների թիվը կազմում են գործազուրկների թվի 13.3%-ը, միջին մասնագիտական կրթություն ունեցողների թիվը` 17.1%-ը, նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթություն ունեցողների թիվը` 5.4%-ը, ընդհանուր միջնակարգ կրթություն ունեցողները` 54.8 %-ը, հատուկ ընդհանուր, հիմնական ընդհանուր և տարրական կրթություն ունեցողները` 9.4 %-ը: 
Գործազուրկների թվաքանակում շարունակում է մեծ թիվ կազմել բարձրագույն կրթություն ունեցող՝  հումանիտար գիտություների, կրթության և մանկավարժության, տնտեսագիտության և կառավարման, միջին մասնագիտական կրթություն ունեցող՝  կրթության, առողջապահության, տնտեսագիտության և կառավարման, սպասարկման, նախնական մասնագիտական կրթություն ունեցող՝  արվեստի և դիզայնի, էկոնոմիկայի և ղեկավարման,  տրանսպորտային միջոցների,  թեթև արդյունաբերության  որակավորում ունեցող մասնագետները: 
Մասնագիտություն չունեցող անձինք կազմում են ընդհանուրի 64.3 % -ը:
    Ըստ գործազրկության տևողության՝ 1-3 տարի գործազրկության տևողություն ունեցող գործազուրկների թվաքանակը կազմում է ընդհանուր թվաքանակի 25.9%-ը, 3 տարուց ավելի գործազրկության տևողություն ունեցողներինը՝ 48.5 %-ը, մինչև 1 տարվա գործազրկության տևողություն ունեցողները՝ 25.6%-ը։
    Ըստ տարիքային կազմի գործազուրկների թվաքանակում  16-29 տարեկանները կազմում են 18.8%,   30-44 տարեկանները` 42%, 45-54 տարեկանները` 20.1 %, 55-ից բարձր տարիքի անձինք` 19.1%:
  Գործազուրկների 94.5 %-ը աշխատաշուկայում անմրցունակ անձինք են:
Գծապատկեր 3. Գործազուրկների թվաքանակը ըստ կրթական և տարիքային կազմի, %-ով
2021թ.-ի ապրիլի 1-ի դրությամբ ԶՏԿ-ներում խորհրդատվություն է ստացել 16.3 հազ. աշխատանք փնտրող՝  աշխատանքի և զբաղվածության  օրենսդրության, մասնագիտական կողմնորոշման, զբաղվածության ծրագրերի, աշխատանքի փոփոխման  և այլ հարցերով:
    Ապրիլի 1-ի դրությամբ զբաղվածության տարածքային կենտրոնները համագործակցել են 20.1 հազ. գործատուի հետ, որոնցից հավաքագրվել է  2223  չկրկնվող թափուր աշխատատեղ: Դրանցից 47-ը՝ նոր ստեղծված աշխատատեղ են: 
Նույն ժամանակահատվածում աշխատանքի է տեղավորվել 2135 աշխատանք փնտրող  /1406-ը՝ կին, 650-ը՝ երիտասարդ, 29–ը՝ հաշմանդամություն ունեցող անձ/, որից 249-ը՝ զբաղվածության ծրագրերի միջոցով, իսկ 402-ը՝ ուղեգրերի միջոցով: 
Գծապատկեր 4. Տարեսկզբից աշխատանքի տեղավորվածների թվաքանակը ըստ ՀՀ  մարզերի.
Տարեսկզբից տարբեր պատճառներով կասեցվել է 292 և դադարեցվել՝ 3586 գործազուրկի կարգավիճակը: Ընդ որում 0.4 %-ի կարգավիճակը դադարեցվել է երկու անգամ հարմար աշխատանքի առաջարկից հրաժարվելու, 15.8 %-ի կարգավիճակը՝ զբաղվածության գործակալության հրավերով  հարմար աշխատանքի տեղավորման  կամ զբաղվածության պետական ծրագրում ընդգրկվելու առաջարկություն  ստանալու համար 2 անգամ անհարգելի պատճառով չներկայանալու, 57.1 %-ը աշխատանքի տեղավորման և 26.7 %-ը այլ  պատճառներով:  
  Ըստ տնտեսության ճյուղերի, աշխատանք փնտրողների աշխատանքի տեղավորման բաշխվածության ամենամեծ տեսակարար կշիռը կազմել է մեծածախ և մանրածախ առևտրի, ավտոմեքենաների  և մոտոցիկլների նորոգման՝ 17.7%, արդյունաբերության՝ 16.4 %, սպասարկման այլ ծառայությունների՝ 17%, կրթության՝ 11.2% և 37.7 %-ը այլ ոլորտներում:
  Գործատուների կողմից մարտ ամսվա ընթացքում ներկայացված թափուր աշխատատեղերի  թվաքանակում մեծ թիվ են կազմել. 
1. Բարձր որակավորման՝ առողջապահության բնագավառի մասնագետները, դասավանդողներ, մասամբ նաև ճարտարապետները, ճարտարագետները և հարակից մասնագետները, 
2. Միջին որակավորման՝  միջին բժշկական անձնակազմի աշխատողները (օժանդակ անձնակազմ), ֆինանսների և առևտրի, արվեստի, զվարճությունների մասնագետները,
3. Նախնական որակավորման՝ օպերատորները, գանձապահները և հարակից զբաղմունքների աշխատողները, խանութների  վաճառողները և  ապրանքների ցուցադրողները, այլ, անհատական ծառայություններ մատուցող աշխատողները, սննդի արդյունաբերության, շինարարության և այլ որակավորված բանվորները:   
4. Որակավորում չպահանջող աշխատատեղերը կազմել են ընդհանուրի    21.7 %-ը:
2021թ.-ի ապրիլի 01-ի դրությամբ իրականացվել են հետևյալ զբաղվածության  ծրագրերը.

1. «Աշխատաշուկայում անմրցունակ անձանց անասնապահությամբ (տավարաբուծությամբ, ոչխարաբուծությամբ, խոզաբուծությամբ, թռչնաբուծությամբ) զբաղվելու համար աջակցության տրամադրում» ծրագիրը, որում ընդգրկվել է 72 շահառու, 30-ը` կին, 9 հաշմանդամություն ունեցող անձ, 10-ը՝ երիտասարդ, 61-ը` գյուղաբնակ:
2. «Ձեռք բերված մասնագիտությամբ մասնագիտական աշխատանքային փորձ     ձեռք բերելու համար գործազուրկներին աջակցության տրամադրում» ծրագիրը, որի արդյունքում գործատուի մոտ մասնագիտական պրակտիկա է անցել 89 շահառու, 73-ը` կին, 3 հաշմանդամություն ունեցող անձ, 73-ը՝ երիտասարդ, 24-ը` գյուղաբնակ:
3. «Աշխատաշուկայում անմրցունակ անձանց աշխատանքի տեղավորման դեպքում գործատուին միանվագ փոխհատուցման տրամադրում»  ծրագիրը, որի արդյունքում աշխատանքի է տեղավորվել 64 շահառու: Նրանցից  56-ը՝ կանայք են, 2 հաշմանդամ 26-ը՝ երիտասարդ, 15-ը՝ գյուղաբնակ:
4. «Աշխատաշուկայում անմրցունակ անձանց աշխատանքի տեղավորման դեպքում գործատուին աշխատավարձի մասնակի փոխհատուցման և հաշմանդամություն ունեցող անձին ուղեկցողի համար դրամական օգնության տրամադրում» ծրագիրը, որի միջոցով աշխատանքի է տեղավորվել 6 շահառու, 3-ը՝ կին, 1-ը՝ երիտասարդ, 2-ը՝ գյուղաբնակ:
5. «Մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող աշխատանք փնտրող անձանց՝ մինչև երեխայի երկու տարին լրանալը աշխատանքի վերադառնալու դեպքում երեխայի խնամքն աշխատանքին զուգահեռ կազմակերպելու համար աջակցության տրամադրման» ծրագիրը, որի միջոցով աշխատանքի է վերադարձել 147 կին շահառու, նրանցից 62-ը՝ 16-29 տարեկան երիտասարդ է:
Բացի վերը նշված ծրագրերից, այս տարի զբաղվածության ծրագրի շրջանակներում սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմի հետևանքով տեղահանված եվ փաստացի ՀՀ-ում գտնվող Արցախի հանրապետության գործազուրկ քաղաքացիների համար կազմակերպվում են հետևյալ 2 ծրագրերը.
6. «Ռազմական դրությամբ պայմանավորված՝ վարձատրվող հասարակակական աշխատանքների կազմակերպման միջոցով՝ Ադրբեջանի կողմից 2020թ. սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմի հետևանքով տեղահանված և փաստացի ՀՀ գտնվող Արցախի Հանրապետության գործազուրկ քաղաքացիների ժամանակավոր զբաղվածության ապահովում» ծրագիրը, որը մեկնարկեց փետրվար ամսին Տավուշի մարզի  Նոյեմբերյանի տարածաշրջանում և  Դիլիջան քաղաքում: Արդյունքում 9 շահառու ընդգրկվեց կազմակերպված աշխատանքներում: 
7. «Ռազմական դրությամբ պայմանավորված՝ Ադրբեջանի կողմից 2020թ. սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմի հետևանքով տեղահանված և փաստացի ՀՀ-ում գտնվող Արցախի Հանրապետության  գործազուրկ քաղաքացիների աշխատանքային փորձ ձեռք բերելու համար աջակցության տրամադրում» ծրագիրը, որում ընդգրկվել է 52 շահառու: 
Բացի վերը նշված 2 ծրագրից, UNDP կազմակերպության  ֆինանսավորմամբ, «Հայ առաջադեմ երիտասարդներ» ՀԿ-ի կողմից, համաձայն զբաղվածության պետական գործակալության և վերջինիս հետ կնքված փոխըմբռնման հուշագրի,  Արցախի թվով 70 քաղաքացու համար, Գեղարքունիքի, Սյունիքի և Վայոց Ձորի մարզերում կազմակերպվեց «Արցախի Հանրապետության գործազուրկ քաղաքացիների աշխատանքային փորձ ձեռք բերելու համար աջակցության  տրամադրման»  ծրագիրը: Այս ծրագրի միջոցով վերջիններս ձեռք բերեցին  վարսահարդարի, հրուշակագործի, մատնահարդարի, վաճառողի և աշխատաշուկայում պահանջարկ ունեցող այլ մասնագիտություններ, իսկ մասնագիտություն ունեցողները՝ աշխատանքային փորձ: 
Ընդհանուր առմամբ 2021թ–ին զբաղվածության տարածքային կենտրոններ են դիմել և հաշվառվել շուրջ 2063 ՀՀ-ում գտնվող Արցախի հանրապետության քաղաքացի, որոնցից 1305-ին տրվել է գործազուրկի կարգավիճակ: