Ծրագրի նպատակն է՝ աշխատուժի ներքին տեղաշարժի կարգավորման միջոցով ՀՀ մարզերում (բացառությամբ Երևան քաղաքի), մասնավորապես, գյուղական բնակավայրերում և սահմանամերձ տարածաշրջաններում, շարունակաբար չլրացվող թափուր աշխատատեղերի համալրումը ու կայուն զբաղվածության ապահովումը:
ԾՐԱԳՐԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
- Ծրագրում կարող են ընդգրկվել տարածքային կենտրոններում հաշվառված, գործազուրկի կարգավիճակ ունեցող անձինք:
- Այլ վայրում աշխատանքի տեղավորումը տարածքային կենտրոնի առաջարկությամբ գործազուրկի՝ բնակության վայրից առնվազն 30 կիլոմետր հեռավորությամբ բնակավայրում աշխատանքի տեղավորումն է:
- Այս կարգի դրույթները չեն տարածվում Երևան քաղաք, ինչպես նաև Երևան քաղաքի մեկ թաղային համայնքից մեկ այլ համայնք աշխատանքի գործուղվողների վրա:
- Թափուր աշխատատեղը գործազուրկին կարող է առաջարկվել միայն այն դեպքում, եթե տարածքային կենտրոնում տվյալ աշխատատեղի վերաբերյալ տեղեկատվությունն ստացվելուց հետո այն առնվազն մեկ ամիս չի լրացվել:
- Գործազուրկը կարող է գործուղվել այլ վայր աշխատանքի միայնակ կամ ընտանիքի անդամների հետ:
- Գործազուրկը ծրագրում կարող է ընդգրկվել մեկ անգամ՝ առնվազն երկու տարի ժամկետով: Իսկ գործազուրկին սեզոնային աշխատանքով ապահովելու դեպքում տվյալ գործատուի մոտ աշխատած ժամանակահատվածը հաշվարկվում է տվյալ գործատուի մոտ աշխատած ամիսների թվի հանրագումարով, որը պետք է կազմի առնվազն 24 ամիս:
Ծրագիրը ֆինանսավորվում է.
- ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին,
- օրենքով չարգելված այլ աղբյուրներից` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Ծրագրում ընդգրկվելու ցանկություն հայտնած գործազուրկին տարածքային կենտրոնի կողմից տրամադրվում է.
- խորհրդատվություն այլ վայրում առկա թափուր աշխատատեղերի,
- ծրագրով նախատեսված աջակցության չափի և տրամադրման պայմանների վերաբերյալ:
Ծրագրում ընդգրկվելու ցանկություն հայտնած գործազուրկը գրավոր դիմում է տարածքային կենտրոն` նշելով մարզի, համայնքի, գործատուի և թափուր աշխատատեղի անվանումները:
Թափուր աշխատատեղը գործազուրկով համալրելու և առնվազն 2 տարի տվյալ գործատուի մոտ աշխատելու հարցում տարածքային կենտրոնի և գործատուի միջև համաձայնություն ձեռք բերվելու դեպքում` գործազուրկի, գործատուի և գործազուրկին հաշվառած տարածքային կենտրոնի միջև կնքվում է թափուր աշխատատեղը համալրելու մասին եռակողմ պայմանագիր:
ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ
Այլ վայրում աշխատանքի տեղավորման դեպքում՝ գործազուրկին և նրա հետ մեկնող ընտանիքի անդամներին հատուցվում են`
- իր և իր ընտանիքի անդամների տեղափոխման տրանսպորտային ծախսերը` միայն միկրոավտոբուսային երթուղի լինելու դեպքում` միկրոավտոբուսային երթուղիների համար սահմանված սակագնի չափով, իսկ միկրոավտոբուսային և ավտոբուսային երթուղիներ լինելու դեպքում` ավտոբուսային երթուղիների համար սահմանված սակագնի չափով,
- իր և իր ընտանիքի անդամների անհրաժեշտ գույքի տեղափոխման տրանսպորտային ծախսերը` 30-50 կիլոմետր ճանապարհի համար` 10000 դրամ, 50 կիլոմետրից ավելի յուրաքանչյուր 50 կիլոմետրի համար` 8000 դրամ, բայց ոչ ավելի, քան 50000 դրամը։
Այլ վայրում աշխատանքի տեղավորման դեպքում գործազուրկին տրվում է.
- միանվագ ֆինանսական աջակցություն` «Նվազագույն ամսական աշխատավարձի մասինե Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով սահմանված ամսական աշխատավարձի եռապատիկի չափով,
- 4 անգամ մշտական բնակավայր այցելելու համար տրանսպորտային ծախս՝ միկրոավտոբուսային երթուղի լինելու դեպքում` միկրոավտոբուսային երթուղիների համար սահմանված սակագնի չափով, իսկ միկրոավտոբուսային և ավտոբուսային երթուղիներ լինելու դեպքում` ավտոբուսային երթուղիների համար սահմանված սակագնի չափով,
- ամսական գումար` բնակարանային վարձի և կոմունալ ծախսերի համար` «Նվազագույն ամսական աշխատավարձի մասինե Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով սահմանված ամսական աշխատավարձի չափով, 2 տարի ժամկետով, իսկ սեզոնային աշխատանքի ընդունելու դեպքում՝ աշխատած 24 ամիսների համար,
- աշխատավարձի հավելում` նվազագույն ամսական աշխատավարձի 50%-ից մինչև կրկնապատիկի չափով, վեց ամիս ժամկետով, հաշվի առնելով թափուր աշխատատեղերի` ըստ մասնագիտությունների լրացման առաջնահերթությունները (ըստ մասնագիտությունների աշխատավարձի հավելման չափերը սահմանում է նախարարը):
ԾՐԱԳՐՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ
Այլ վայր աշխատանքի տեղավորվող գործազուրկը իրեն հաշվառած տարածքային կենտրոն է ներկայացնում հայտարարություն`
- նոր բնակության վայրի հասցեի մասին,
- իր անվամբ բացված բանկային հաշվի համարի և բանկի ռեկվիզիտների մասին:
Ծրագրի տևողությունը՝ 2 տարի:
Այլ վայրում աշխատանքի տեղավորման դեպքում գործազուրկին հատուցված նյութական ծախսերը ենթակա են վերադարձման`
1. գործատուի կողմից, եթե գործատուի և գործազուրկի միջև կնքված աշխատանքային պայմանագիրը լուծվել է գործատուի նախաձեռնությամբ` աշխատանքային պայմանագիրը կնքելուց հետո երկու տարվա ընթացքում,
2. գործազուրկի կողմից, եթե պայմանագիրը լուծվել է գործազուրկի նախաձեռնությամբ` պայմանագիրը կնքելուց հետո երկու տարվա ընթացքում,
3. գործատուի և գործազուրկի կողմից հավասարապես, եթե աշխատանքային պայմանագիրը լուծվել է կողմերի համաձայնությամբ` պայմանագիրը կնքելուց հետո երկու տարվա ընթացքում:
Մանրամասն տեղեկությունների համար կարող եք դիմել զբաղվածության տարածքային կենտրոններ: