Ծրագրի նպատակն է՝ գործատուի կողմից անմրցունակ անձանց տրվող աշխատավարձի մասնակի փոխհատուցման միջոցով աշխատաշուկայում անմրցունակ անձանց աշխատանքի տեղավորվելուն նպաստումը և կայուն զբաղվածության ապահովումը:
Հաշմանդամություն ունեցող անձանց ծրագրում ընդգրկելիս հաշվի է առնվում ՀՀ կառավարության կողմից հաստատված` աշխատանք փնտրող անձի կարիքների գնահատման կարգով նախատեսված ամփոփ եզրակացությունը, այդ թվում՝ աշխատանք փնտրող անձի ուղեկցող ունենալու անհրաժեշտությունը:
Հարմար աշխատանքի տեղավորված անմրցունակ անձի՝ ժամանակավոր անաշխատունակության և նպատակային արձակուրդում գտնվելու ժամանակահատվածների համար գործատուին, ինչպես նաև ուղեկցողի կարիք ունեցող անձին, փոխհատուցում չի տրամադրվում:
Ուղեկցողի կարիք ունեցող անձը, բանկային հաշիվ չունենալու դեպքում, եռօրյա ժամկետում բացում է բանկային հաշիվ և իրեն հաշվառած տարածքային կենտրոն է ներկայացնում հայտարարություն իր բանկային հաշվի տվյալների մասին:
Աջակցությունը դադարեցվում է.
1. գործատուին տրամադրվող փոխհատուցման ժամկետի (մեկ տարի) ավարտից հետո,
2. գործատուի և անմրցունակ անձի միջև կնքված աշխատանքային պայմանագրի գործողության ժամկետի ավարտից կամ անմրցունակ անձին աշխատանքի ընդունելու մասին անհատական իրավական ակտով նախատեսված ժամկետի ավարտից շուտ աշխատանքային հարաբերությունները դադարելու դեպքում,
3. գործատու իրավաբանական անձի լուծարման կամ անհատ ձեռնարկատեր հանդիսացող գործատուի գործունեության դադարեցման դեպքում,
4. անմրցունակ անձի մահվան դեպքում:
Գործատուին և անմրցունակ անձին հատուցված նյութական ծախսերը, աշխատանքային պայմանագիրը կնքելուց հետո երկու տարվա ընթացքում, ենթակա են վերադարձման.
1. գործատուի կողմից, եթե գործատուի և անմրցունակ անձի հետ կնքված աշխատանքային պայմանագիրը լուծվել է գործատուի նախաձեռնությամբ,
2. անմրցունակ անձի կողմից, եթե պայմանագիրը լուծվել է անմրցունակ անձի նախաձեռնությամբ,
3. գործատուի և անմրցունակ անձի կողմից հավասարապես, եթե աշխատանքային պայմանագիրը լուծվել է կողմերի համաձայնությամբ: