Coat of Arms
State Employment Agency
  • Employment
WAPES-ին անդամակցություն
Վերլուծություններ և հետազոտություն

Հաճախ տրվող հարցեր

Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների տարածքներում ՀՀ քաղաքացի աշխատանքային միգրանտների կողմից աշխատանքային գործունեություն ծավալելու կարգի և պայմանների մասին հաճախ տրվող հարցեր

 

1. Որո՞նք են ԵՏՄ անդամ երկրները:
2015թ. հունվարի 2-ից սկսած, Եվրասիական տնտեսական միության (այսուհետ` ԵՏՄ) անդամ պետություններն են Բելոռուսի Հանրապետությունը, Ղազախստանի Հանրապետությունը, Ռուսաստանի Դաշնությունը և Հայաստանի Հանրապետությունը:

 

2. ԵՏՄ տարածքում  աշխատելու համար  ՀՀ  քաղաքացիներից  ի՞նչ չի պահանջվում:
ԵՏՄ տարածքում աշխատելու համար ՀՀ քաղաքացիներից չի պահանջվում ունենալ թույլատվական բնույթի որևէ փաստաթուղթ, այդ թվում և պատենտ:

 

3. ԵՏՄ  անդամ պետություններում  օրինական աշխատելու  և գտնվելու համար ի՞նչ փաստաթուղթ է անհրաժեշտ ունենալ:
ԵՏՄ  անդամ պետություններում  օրինական աշխատելու  և գտնվելու համար  անհրաժեշտ  է  ունենալ գործատուի  հետ  կնքված աշխատանքային կամ քաղաքացիա-իրավական պայմանագիր (այսուհետ` պայմանագիր): Ընդ  որում՝ որպես գործատու կարող  են հանդես գալ նաև ֆիզիկական անձինք:

 

4. Որքա՞ն կարող են մնալ ԵՏՄ անդամ պետությունների տարածքում ՀՀ քաղաքացի աշխատանքային միգրանտները և նրանց ընտանիքների անդամները:
ԵՏՄ անդամ պետությունների տարածքում  ՀՀ  քաղաքացի  աշխատանքային միգրանտների և նրանց ընտանիքների անդամների ժամանակավոր գտնվելու (բնակության) ժամկետը որոշվում է պայմանագրի գործողության ժամկետով: Ընդ  որում, պայմանագրում նշված ժամանակահատվածում ինչպես աշխատանքային միգրանտը, այնպես էլ նրա ընտանիքի անդամները կարող են ցանակացած անգամ և ցանակացած ժամկետով դուրս գալ և կրկին վերադառնալ տվյալ երկիր:

 

5. Ովքե՞ր են համարվում ընտանիքի անդամներ:
Ընտանիքի անդամներ են համարվում կինը, ամուսինը և անչափահաս երեխաները:

 

6. Աշխատանքի տեղավորման պետության տարածք մուտք գործելու օրվանից սկսած 90–օրյա ժամկետը լրանալուց հետո  պայմանագրի վաղաժամկետ լուծման դեպքում ՀՀ քաղաքացի  աշխատանքային  միգրանտը քանի՞ օր կարող է մնալ տվյալ երկրի տարածքում:
Աշխատանքի տեղավորման պետության տարածք մուտք գործելու օրվանից սկսած 90–օրյա ժամկետը լրանալուց հետո պայմանագրի վաղաժամկետ լուծման դեպքում ՀՀ քաղաքացի  աշխատանքային  միգրանտն  իրավունք ունի 15 օրվա ընթացքում կնքել նոր պայմանագիր՝ առանց աշխատանքի տեղավորման պետության տարածքից դուրս գալու:

 

7. Ի՞նչ անել, եթե ՀՀ քաղաքացի աշխատանքային միգրանտն ունի ուժի մեջ գտնվող աշխատանքի թույլտվություն կամ պատենտ:
Այն դեպքերում, երբ աշխատանքային միգրանտն ունի ուժի մեջ գտնվող աշխատանքի թույլ տվություն կամ պատենտ, նա  կարող է սպասել մինչև    այդ փաստաթղթերի ժամկետի ավարտը,  որից հետո գործատուի հետ պայմանագիր կնքել:

 

8. Ռուսաստանի Դաշնության տարածքում պայմանագրի հիման վրա աշխատող ՀՀ քաղաքացիներից ի՞նչ փաստաթղթերի չի պահանջվում ներկայացնել:
Ռուսաստանի Դաշնության տարածքում պայմանագրի հիման վրա աշխատող ՀՀ քաղաքացիներից չի պահանջվում ներկայացնել.

  • ռուսաց լեզվի, Ռուսաստանի պատմության և օրենսդրության հիմունքների իմացությունը հաստատող փաստաթղթեր,
  • թմրամոլության և շրջապատի համար վտանգ ներկայացնող ինֆեկցիոն հիվանդությունների բացակայությունը հավաստող փաստաթղթեր,
  • ՄԻԱՎ / ՁԻԱՎ-ի բացակայության վերաբերյալ հավաստագիր:
 

9. ՀՀ քաղաքացի աշխատանքային միգրանտը եւ նրա ընտանիքի անդամները, քանի՞ օր կարող են գտնվել ԵՏՄ անդամ պետությունների տարածքում առանց գտնվելու վայրում հաշվառվելու:
ՀՀ քաղաքացի աշխատանքային միգրանտը և նրա ընտանիքի անդամներն ազատվում են ԵՏՄ անդամ պետությունների  լիազոր մարմիններում գրանցվելուց (գտնվելու վայրում հաշվառվելուց) աշխատանքի տեղավորման պետության տարածք մուտք գործելու օրվանից 30 օրվա ընթացքում:

 

10. Արդյո՞ք ՌԴ տարածք մուտք գործելիս ՀՀ քաղաքացիները պետք է լրացնեն միգրացիոն քարտ:
ՌԴ տարածք մուտք գործելիս ՀՀ բոլոր քաղաքացիները պետք է լրացնեն միգրացիոն քարտ: Ընդ  որում, աշխատելու նպատակով այդ երկիր մուտք գործող  քաղաքացիները, միգրացիոն  քարտի  «այցի նպատակը»  տողում  պետք  է  նշեն «աշխատանք» բառը:

 

11. Ովքե՞ր են ազատվում միգրացիոն քարտը լրացնելու պահանջից:
Միգրացիոն քարտ լրացնելու պահանջից ազատվում են միայն այն քաղաքացիները, որոնց ՌԴ-ում գտնվելու ժամկետը չի գերազանցելու մուտք գործելու ամսաթվից սկսած 30–օրյա ժամկետը:

 

12. ԵՏՄ անդամ պետությունների տարածքներում ճանաչվու՞մ են ՀՀ կրթական կազմակերպությունների կողմից տրված կրթության վերաբերյալ փաստաթղթերը (այդ թվում դիպլոմները):
ԵՏՄ անդամ պետությունների տարածքներում ճանաչվում են կրթության վերաբերյալ այն փաստաթղթերը, որոնք տրված են Հայաստանի Հանրապետության կրթական կազմակերպությունների կողմից՝ առանց աշխատանքի տեղավորման պետության օրենսդրությամբ սահմանված կրթության վերաբերյալ փաստաթղթերի ճանաչման ընթացակարգերի անցկացման:

 

13. Կա՞ն արդյոք բացառություններ:
Այն  անձանց  նկատմամբ,  ովքեր  հավակնում են զբաղվել մանկավարժական, իրավաբանական, բժշկական կամ դեղագործական գործունեությամբ, կիրառվում է աշխատանքի տեղավորման պետության օրենսդրությամբ սահմանված կրթության վերաբերյալ փաստաթղթերի ճանաչման ընթացակարգը, և նրանց կարող է թույլատրվել զբաղվել համապատասխանաբար մանկավարժական, իրավաբանական, բժշկական կամ դեղագործական գործունեությամբ՝ աշխատանքի տեղավորման պետության օրենսդրությանը համապատասխան:

 

14. Արդյո՞ք ճանաչվում են ՀՀ լիազոր մարմինների կողմից տրված գիտական աստիճանների և գիտական կոչումների վերաբերյալ փաստաթղթերը:
ՀՀ լիազոր մարմինների կողմից տրված գիտական աստիճանների և գիտական կոչումների վերաբերյալ փաստաթղթերը ճանաչվում են աշխատանքի տեղավորման պետության օրենսդրությանը համապատասխան:

 

15. Գործատուները (աշխատանքների (ծառայությունների) պատվիրատուները) իրավունք ունե՞ն պահանջել կրթության վերաբերյալ փաստաթղթի՝ աշխատանքի տեղավորման պետության լեզվով նոտարական թարգմանությունը:
Գործատուները (աշխատանքների (ծառայությունների) պատվիրատուները) իրավունք ունեն պահանջել կրթության վերաբերյալ փաստաթղթի՝ աշխատանքի տեղավորման պետության լեզվով նոտարական թարգմանությունը, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում կրթության վերաբերյալ փաստաթղթերի ստուգման նպատակներով հարցումներ ուղարկել , այդ թվում՝ տվյալների տեղեկատվական բազաներ, կրթության վերաբերյալ փաստաթուղթ տրամադրած կրթական կազմակերպություններ դիմելու միջոցով:

 

16. Ինչպե՞ս է իրականացվում ՀՀ քաղաքացի աշխատանքային միգրանտների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովությունը:
ՀՀ քաղաքացի աշխատանքային միգրանտների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովությունը (սոցիալական ապահովագրությունը) (բացի կենսաթոշակայինից) իրականացվում է աշխատանքի տեղավորման պետության քաղաքացիների նկատմամբ կիրառվող նույն պայմաններով և նույն կարգով:

 

17. Արդյո՞ք ՀՀ  քաղաքացի աշխատանքային  միգրանտների աշխատանքային (ապահովագրական) ստաժը գումարվում է ընդհանուր աշխատանքային (ապահովագրական) ստաժին:
ՀՀ քաղաքացի աշխատանքային  միգրանտների աշխատանքային (ապահովագրական) ստաժը գումարվում է ընդհանուր աշխատանքային (ապահովագրական) ստաժին՝ սոցիալական ապահովության (սոցիալական ապահովագրության) նպատակներով (բացի կենսաթոշակայինից)՝ աշխատանքի տեղավորման պետության օրենսդրության համաձայն:

 

18. Ինչպե՞ս է կարգավորվում ՀՀ քաղաքացի աշխատանքային միգրանտների և նրանց ընտանիքների անդամների կենսաթոշակային ապահովությունը:
ՀՀ քաղաքացի աշխատանքային միգրանտների և նրանց ընտանիքների անդամների կենսաթոշակային ապահովությունը կարգավորվում է մշտական բնակության պետության օրենսդրությամբ, ինչպես նաև անդամ պետությունների միջև առանձին միջազգային պայմանագրին համապատասխան:

 

19. Բժշկական օգնության ինչպիսի՞ ձևերից կարող են օգտվել ՀՀ  քաղաքացի աշխատանքային միգրանտները և նրանց ընտանիքների անդամները ԵՏՄ անդամ պետությունների  տարածքներում:
ՀՀ քաղաքացի   աշխատանքային  միգրանտները և նրանց ընտանիքների անդամները ԵՏՄ անդամ պետությունների տարածքներում արտակարգ և անհետաձգելի վիճակներում կարող են ստանալ շտապ բժշկական օգնություն:

 

20. Պարտավո՞ր է արդյոք գործատուն ՀՀ քաղաքացի աշխատանքային միգրանտի պահանջով նրան տրամադրել տեղեկանք` մասնագիտության, աշխատանքի ժամանակահատվածի և աշխատավարձի չափի մասին:
ՀՀ քաղաքացի աշխատանքային  միգրանտի  (այդ թվում՝ նախկին) պահանջով գործատուն (աշխատանքների (ծառայությունների) պատվիրատուն) պարտավոր է անհատույց նրան տրամադրել տեղեկանք (տեղեկանքներ) և (կամ) տեղեկանքի (տեղեկանքների) հաստատված պատճենը՝ նշելով մասնագիտության (մասնագիտացման, որակավորման և պաշտոնի), աշխատանքի ժամանակահատվածի և աշխատավարձի չափի մասին՝ աշխատանքի տեղավորման պետության օրենսդրությամբ սահմանված ժամկետներում:

 

21. ՀՀ քաղաքացի աշխատանքային միգրանտի երեխաները, որոնք նրա հետ համատեղ բնակվում են աշխատանքի տեղավորման պետության տարածքում, իրավունք ունե՞ն հաճախելու նախադպրոցական հաստատություններ, ստանալու կրթություն:
ՀՀ քաղաքացի աշխատանքային միգրանտի երեխաները, որոնք նրա հետ համատեղ բնակվում են աշխատանքի տեղավորման պետության տարածքում, իրավունք ունեն հաճախելու նախադպրոցական հաստատություններ, ստանալու կրթություն՝ աշխատանքի տեղավորման պետության օրենսդրությանը համապատասխան:

 

22. Ո՞ր երկրում են վճարվում ՀՀ  քաղաքացի աշխատանքային միգրանտի աշխատանքային գործունեություն իրականացնելու հետ կապված հարկերը:
ՀՀ քաղաքացի աշխատանքային միգրանտի եկամուտները, որոնք նա ստացել է աշխատանքի տեղավորման պետության տարածքում աշխատանքային գործունեություն իրականացնելու համար, ենթակա են հարկման աշխատանքի տեղավորման պետության օրենսդրության, ինչպես նաև այդ հարցերի վերաբերյալ միջազգային պայմանագրերի համաձայն:

 

ՌԴ միգրացիոն օրենսդրության խստացումները 2015թ.-ից

 

23. Ո՞ր դեպքում է ՀՀ քաղաքացիները մուտքը ՌԴ տարածք արգելվում 5 տարով:
Եթե ՀՀ քաղաքացիները ՌԴ տարածքում գտնվելու ժամկետը խախտել են և այնտեղ մնացել 180-270 օր , ապա նրանց մուտքը կարգելվի 5 տարով:

 

24. Ո՞ր դեպքում է ՀՀ քաղաքացիները մուտքը ՌԴ տարածք արգելվում 10 տարով:
Եթե ՀՀ քաղաքացիները  ՌԴ տարածքում գտնվելու ժամկետը խախտել են և այնտեղ մնացել 270 օր և ավելին , ապա նրանց մուտքը կարգելվի 10 տարով:

 

25. Արդյո՞ք ԵՏՄ անդամակցությամբ վերանում է ՌԴ տարածք մուտքի արգելանքը:
ՌԴ տարածքում իրավախախտում կատարած անձանց մուտքի արգելքը շարունակում է գործել, մինչև համապատասխան ժամկետի ավարտը:

 

26. Ի՞նչ անել եթե այնուամենայնիվ հայտնաբերվել է ՌԴ տարածք մուտք գործելու արգելանք:
ՌԴ տարածք մուտք գործելու արգելանքը վերանայելու նպատակով հնարավորություն կա դիմում գրելու, սակայն ՀՀ քաղաքացին պետք է համապատասխանի որոշակի չափանիշների, որոնց մասին կարելի տեղեկանալ միգրացիոն պետական ծառայությունից՝ եթե անձը Երևանի բնակիչ է, և մարզպետարաններից՝ եթե անձը մարզի բնակիչ է:

 

27. Որտե՞ղ են գրվում ՌԴ տարածք մուտք գործելու արգելանքը վերանայելու համար նախատեսված դիմումները:
ՀՀ քաղաքցիները, ովքեր բնակվում են քաղաք Երևանում դիմումները կարող են գրել միգրացիոն պետական ծառայությունում, իսկ ՀՀ մարզերում բնակվող ՀՀ քաղաքացիները՝ մարզպետարանների համապատասխան բաժնում:

 

28. Արդյո՞ք դատական կարգով արգելանք ունեցող ՀՀ քաղաքացին կարող է դիմում գրել:
Դատական կարգով արգելանք ունեցող ՀՀ քաղաքացին չի կարող գրել դիմում՝ արգելանքը վերանայելու նպատակով:

 

29. Արդյո՞ք տուգանքը մուծելուց հետո վերանում է ՌԴ տարածք մուտքի արգելանքը:
Տուգանքը մուծել չի նշանակում, որ արգելանքը վերանում է:

 

30. Արդյո՞ք կա անհրաժեշտություն սահմանն անցնելու, եթե պատենտի ժամկետը լրացել է և ՀՀ քաղաքցին ցանկանում է նոր պայմանագիր կնքել:
Եթե միգրացիոն թերթիկում նշված չի եղել, որ այցի նպատակը աշխատանքն է, ապա պարտադիր է սահմանն անցնել և վերադառնալիս նշել այցի նպատակը՝ աշխատանք:

 

ՌԴ զինված ուժերում օտարերկրացիների աշխատելու թույլտվության մասին

Հունվարի 2-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ստորագրած համապատասխան հրամանագրով այլ երկրների քաղաքացիները կարող են պայմանագրային զինծառայություն անցնել Ռուսաստանի զինված ուժերում կամ ներքին զորքերում: Պայմանագիրը կարող են կնքել 18-30 տարեկան երիտասարդները առնվազն 5 տարի ժամկետով: Նրանք որոշ չափով պետք է տիրապետեն ռուսերենին, քրեական անցյալ կամ դատվածություն չպետք է ունենան:

(Ռազմական հարցերով ռուսաստանցի փորձագետներ Պավել Ֆելգենհաուերը և Ալեքսանդր Գոլցը BBC-ին ասել են, որ նոր պայմանագիրը օրինականացնում է այն, ինչը տարիներով գոյություն է ունեցել:

«Ռուսաստանի սահմաններից դուրս՝ Կովկասում, Մերձդնեստրում, Կենտրոնական Ասիայում տեղաբաշխված ռուսական զորքեր կան, որոնց կազմում ծառայում են նաև տեղացիներ, և նոր պայմանագիրն ավելի հեշտ է դարձնում տեղացիներին ռուսական բանակում ընդգրկելը: Նախկինում նրանք պետք է Ռուսաստանի քաղաքացիություն ունենային, հիմա նրանք կարող են օրինական ծառայել՝ առանց Ռուսաստանի քաղաքացիությանե):

 

Տվյալ նյութի աղբյուրը հանդիսանում է միգրացիոն պետական ծառայության պաշտոնական կայքը էջը՝

http://smsmta.am/?show_news&news_id=382