Նպատակն է` սեզոնային զբաղվածության ապահովման միջոցով, հանրապետության առավել խոցելի և աղքատ գյուղական բնակավայրերի բնակչության սոցիալական լարվածության մեղմումը և աշխատանքի արտադրողականության բարձրացումը, նրանց կայուն զբաղվածության ապահովման համար պայմանների ստեղծումն ու իրավիճակից բխող մարտահրավերներին արագ արձագանքող միջոցներով գյուղացիական տնտեսություններին աջակցումը:
Ծրագիրն առաջնահերթության կարգով իրականացվում է.
1. գյուղացիական տնտեսության` բնական պատճառներով ստացած վնասների վերականգնման համար,
2. բարձր լեռնային և/կամ սահմանամերձ բնակավայրերում:
Ծրագրում ընդգրկման ենթակա են Զկ-ներում հաշվառված աշխատանք փնտրողները, ովքեր հանդիսանում են.
- գյուղատնտեսական նշանակության հողի uեփականատեր կամ վարձակալ կամ անհատույց օգտագործող աշխատաշուկայում անմրցունակ անձ,
- հող օգտագործողի ընտանիքի 16-63 տարեկան գործունակություն ունեցող անդամներ,
- ծրագրի շրջանակներում աշխատանքային պայմանագրով` որպես վարձու աշխատող, կամ քաղաքացիաիրավական պայմանագրով` որպես որոշակի ծառայություններ մատուցող կամ աշխատանքներ կատարող, ներգրավվում են հող օգտագործողի գյուղացիական տնտեսության աշխատանքներում:
Ծրագրում ընդգրկվելու առաջնահերթություն տրվում է հող օգտագործողին, եթե նրա՝
1. ընտանիքը հաշվառված է ընտանիքների անապահովության գնահատման համակարգում և ստանում է ընտանեկան նպաստ,
2. ընտանիքում առկա է երկու և ավելի անչափահաս,
3. ընտանիքի անդամներից մեկը հաշմանդամություն ունեցող անձ է:
Ծրագրի շրջանակներում տրամադրվող երաշխիքները.
- Ծրագրում ընդգրկված հող օգտագործողին մեկ աշխատանքային օրվա համար նախատեսվում է վճարել չորս հազար դրամ` ներառյալ եկամտային հարկը, ինչպես նաև օրենքով սահմանված դեպքում` նպատակային սոցիալական վճարը:
- Ծրագրում ընդգրկված հող օգտագործողի ընտանիքի յուրաքանչյուր անդամի համար գործատու հանդիսացող հող օգտագործողին տրվում է աշխատավարձի փոխհատուցում` մեկ աշխատանքային օրվա համար չորս հազար դրամ` ներառյալ եկամտային հարկը, ինչպես նաև օրենքով սահմանված դեպքում` նպատակային սոցիալական վճարը:
- Ծրագրի շրջանակներում աշխատանքի ներգրավված յուրաքանչյուր վարձու աշխատողի համար (բացառությամբ ծրագրում ընդգրկված հող օգտագործողի ընտանիքի անդամի), գործատու հանդիսացող հող օգտագործողին տրվում է աշխատավարձի փոխհատուցում` մեկ աշխատանքային օրվա համար երեք հազար դրամ` ներառյալ եկամտային հարկը, ինչպես նաև օրենքով սահմանված դեպքում` նպատակային սոցիալական վճարը:
- Ծրագրի շրջանակներում ներգրավված և քաղաքացիաիրավական պայմանագրով հող օգտագործողի համար գյուղատնտեսական տեխնիկայի միջոցով ծառայություններ մատուցող կամ աշխատանքներ կատարող անձին մատուցված ծառայությունների կամ կատարված աշխատանքների դիմաց վճարելու համար հող օգտագործողին տրվում է փոխհատուցում` մեկ ժամվա համար հինգ հազար դրամ:
Մեկ ծրագրի արժեքը չի կարող գերազանցել երեք հարյուր հիսուն հազար դրամը:
Ծրագրում ընդգրկված անձանց ստացած եկամուտը ընտանիքների նապահովության գնահատման ժամանակ որպես եկամուտ չի հաշվարկվում:
Ծրագիրը ֆինանսավորվում է`
1. ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին,
2. օրենքով չարգելված այլ աղբյուրներից` ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:
Ծրագրի առավելագույն տևողությունը 3 ամիս է:
Ծրագրի իրականացման կազմակերպման և ծրագրով նախատեսված ֆինանսական միջոցների տրամադրման կարգին ու պայմաններին մանրամասն կարող եք ծանոթանալ՝ դիմելով զբաղվածության տարածքային կենտրոններ: