Հայաստանի Հանրապետության
աշխատաշուկայի իրավիճակը 2010թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ
«Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության տվյալներով 2010թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ հանրապետությունում գործազրկության մակարդակը տարեսկզբի համեմատ նվազել է 0.2 տոկոսով և կազմում է 7.1 %: Այն հանրապետության միջինից բարձր է Լոռու` 11.1%, Սյունիքի` 10.1 %, Շիրակի` 9.6 %, Կոտայքի` 9.3%, Տավուշի` 8.7% մարզերում և Երևան քաղաքում`8.1%:
2010թ.-ի հոկտեմբերի 1-ի դրությամբ աշխատանք փնտրողների թիվը կազմում է շուրջ 98.0 հազար, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ նվազել է 1.5%-ով (99.5 հազ. մարդ), իսկ տարեսկզբի նկատմամբ 1.3%-ով (99.3 հազ. մարդ): Գործազուրկների թվաքանակը կազմում է աշխատանք փնտրողների 83.8 %-ը կամ 82.1 հազար: Այս ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 1.2%-ով (83.1 հազ. մարդ), իսկ տարեսկզբի նկատմամբ` 2.9 %-ով (84.5հազ. մարդ): Շարունակում է բարձր մնալ գործազուրկ կանանց թիվը, որը կազմում է գործազուրկների թվի 70.0%-ը, կամ 57.5 հազ. մարդ:
Հոկտեմբերի 1-ի դրությամբ գործազրկության նպաստի ստացման իրավունք ունի 22063 գործազուրկ, որոնց թիվը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 13.1 %-ով (25993մարդ), իսկ տարեսկզբի նկատմամբ ` 20.1 %-ով (26487 մարդ) :
Տարեսկզբից աշխատանքի է տեղավորվել 8729 աշխատանք փնտրող, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճել է 29.0%-ով (6768 մարդ): Աշխատանքի տեղավորվածներից 2295-ը երիտասարդներ են:
Աշխատանք փնտրողների 32.9%-ն ընդգրկված են զբաղվածության պետական ծրագրերում:
Սեպտեմբեր ամսվա ընթացքում գործակալություն է ներկացվել 1614 թափուր աշխատատեղ: Թափուր աշխատատեղերը հիմնականում բժիշկների, հաշվապահների, գանձապահների, դասավանդողների, մենեջերների, շուկայագետների, խոհարարների, պահածոյագործների, վարորդների, կարողների, գործակալների, վաճառողների, վարսահարդարների, մատնահարդարների, դիմահարդարաների, էլեկտրիկների, փականագործների, ավտովերանորոգողների, գալվանիկների, կռունկավարների, վերելակավարների, հացթուխների, հրշեջների և այլ բանվորական մասնագիտություններով են:
Աշխատաշուկայի լարվածության մեղմմանն ուղղված զբաղվածության կարգավորման 2010թ. պետական ծրագրով հոկտեմբերի 1-ի դրությամբ իրականացվել են հետևյալ ծրագրերը.
«Անմրցունակ անձանց աշխատանքի տեղավորելու դեպքում աշխատավարձի մասնակի փոխհատուցում գործատուին» ծրագրով տարեսկզբից աշխատանքի է տեղավորվել 147 աշխատանք փնտրող, որից 62 –ը հաշմանդամ է: Նախորդ տարվանից այս ծրագրով աշխատում է 130 աշխատանք փնտրող,
«Ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու նպատակով պետական գրանցման համար գործազուրկներին և հաշմանդամներին տրվող ֆինանսական աջակցություն» ծրագրով` ընդգրկվել է 89 աշխատանք փնտրող, որից 82-ը գործազուրկ է, 7-ը` հաշմանդամ,
«Մասնագիտական ուսուցման կազմակերպում» ծրագրով ընդգրկվել է 1152 մարդ, որից 1087-ը գործազուրկ է, 62-ը հաշմանդամ և 3-ը երկարամյա ծառայության և արտոնյալ պայմաններով կենսաթոշակ ստացող չզբաղված անձ,
«Այլ վայր աշխատանքի գործուղվող գործազուրկի նյութական ծախսերի հատուցում» ծրագրով 10 գործազուրկ տեղափոխվել է այլ վայր աշխատանքի,
«Վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման» ծրագրերով հաստատվել է 5437 աշխատանք փնտրողի ընդգրկմամբ 401 ծրագիր, որից 106-ը իրականացվել է քաղաքային, 295–ը գյուղական համայնքներում,
Տարեսկզբից իրականացվել է չորս «Աշխատանքի տոնավաճառ»` Գավառում, Վանաձորում, Իջևանում և Գյումրիում: Աշխատանքի տոնավաճներին մասնակցել են 168 գործատու, շուրջ 8800 աշխատանք փնտրող, ներկայացվել է 1051 թափուր աշխատատեղ և կանխատեսվում է ևս 588 աշխատատեղի ստեղծում: Արդյունքում 219 աշխատանք փնտրող տեղավորվել է աշխատանքի:
Հաջորդ տոնավաճառը կազմակերպվելու է Աբովյանում: