Կառուցվածք Օրենսդրություն Հարց - Պատասխան Լուրեր Հղումներ
  
  
  
  
  

 

Այլ վայր աշխատանքի գործուղում

ԱՅԼ ՎԱՅՐ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԳՈՐԾՈՒՂՎՈՂ ԳՈՐԾԱԶՈՒՐԿԻ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՀԱՏՈՒՑՈՒՄ

ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿԸ

  • Ապահովել մարզերի աշխատաշուկաներում առկա մասնագետների պահանջարկը,
  • հատուցել այլ վայր աշխատանքի գործուղվող գործազուրկի ծախսերը:

 
ԾՐԱԳՐԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

  • Ծրագրում կարող են ընդգրկվել տարածքային և մարզային կենտրոններում հաշվառված, գործազուրկի կարգավիճակ ունեցող անձինք:
  • Այլ վայր աշխատանքի գործուղում համարվում է իր բնակության վայրից 30 կիլոմետրից ավելի հեռավորությամբ այլ բնակավայր (համայնքում) աշխատելու նպատակով տեղափոխվելը ժամանակավոր (ոչ պակաս մեկ տարի ժամ¬կետով) կամ մշտական բնակության պայմանով:
  • Այս կարգի դրույթները չեն տարածվում Երևան քաղաք, ինչպես նաև Երևան քաղաքի մեկ թաղային համայնքից մեկ այլ համայնք աշխատանքի գործուղվողների վրա:
  • Թափուր աշխատատեղը գործազուրկին կարող է առաջարկվել միայն այն դեպքում, եթե տարածքային կենտրոնում տվյալ աշխատատեղի վերաբերյալ տեղեկատվությունն ստացվելուց հետո այն առնվազն մեկ ամիս չի լրացվել:
  • Գործազուրկը կարող է գործուղվել այլ վայր աշխատանքի միայնակ կամ ընտանիքի անդամների հետ:
  • Գործազուրկին և նրա հետ մեկնող ընտանիքի անդամներին այլ վայր աշխատանքի գործուղման համար ծախսերի հատուցում տրվում է մեկ անգամ:

ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ
Այլ վայր աշխատանքի գործուղվող գործազուրկին և նրա հետ մեկնող ընտանիքի անդամներին հատուցվում են.

  • Իր և իր ընտանիքի անդամների տեղափոխման տրանսպորտային ծախսերը` միայն միկրոավտոբուսային երթուղի լինելու դեպքում` միկրոավտոբուսային երթուղիների համար սահմանված սակագնի չափով, իսկ միկրոավտոբուսային և ավտոբուսային երթուղիներ լինելու դեպքում` ավտոբուսային երթուղիների համար սահմանված սակագնի չափով. 
  • իր և իր ընտանիքի անդամների անհրաժեշտ գույքի տեղափոխման տրանս¬պորտային ծախսերը` 30-50 կմ ճանապարհի համար` 10000 դրամ, 50 կմ-ից ավելի յուրաքանչյուր 50 կմ-ի համար` 8000 դրամ, բայց ոչ ավելի, քան 50000 դրամ. 
  • իր և իր ընտանիքի անդամների օրապահիկը` ՀՀ օրենսդրությամբ սահմանված չափով:

Այլ վայր աշխատանքի գործուղվող գործազուրկին տրվում է.

  • միանվագ ֆինանսական աջակցություն` նվազագույն ամսական աշխատավարձի եռապատիկի չափով,
  • մեկ տարվա ընթացքում 4 անգամ մշտական բնակավայր այցելելու համար տրանսպորտային ծախս` միկրոավտոբուսային երթուղի լինելու դեպքում` միկրոավտոբուսային երթուղիների համար սահմանված սակագնի չափով, իսկ միկրոավտոբուսային և ավտոբուսային երթուղիներ լինելու դեպքում` ավտոբուսային երթուղիների համար սահմանված սակագնի չափով,
  • ամսական գումար` բնակարանային վարձի և կոմունալ ծախսերի համար` նվազագույն ամսական աշխատավարձի չափով:

ԾՐԱԳՐՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ
Այլ վայր աշխատանքի գործուղվող գործազուրկը իրեն հաշվառած տարածքային կենտրոն է ներկայացնում հետևյալ տեղեկանքները`

  • նոր բնակության վայրում մշտական կամ ժամանակավոր բնակության մասին, 
  • իր անվամբ բացված բանկային հաշվի համարի և բանկի ռեկվիզիտների մասին:

Այլ վայր աշխատանքի գործուղվելու կապակցությամբ գործազուրկին հատուցված նյութական ծախսերը ենթակա են վերադարձման.

  • գործատուի կողմից, եթե գործատուի և գործազուրկի հետ կնքված աշխատանքային պայմանագիրը ժամկետից շուտ լուծվել է գործատուի նախաձեռնությամբ,
  • գործազուրկի կողմից, եթե գործատուի և գործազուրկի հետ կնքված աշխատանքային պայմանագիրը ժամկետից շուտ լուծվել է գործազուրկի նախաձեռնությամբ,
  • գործազուրկի և գործատուի կողմից հավասարապես, եթե աշխատանքային պայմանագիրը լուծվել է կողմերի համաձայնությամբ:

Մանրամասն տեղեկությունների համար կարող եք դիմել զբաղվածության տարածքային կենտրոններ:

 

 Ձևավորումը "ՆՈՐՔ" տեղեկատվավերլուծական կենտրոնի