ԼՈՒՐԵՐ
08.02.2012
Տեղի ունեցավ «Ուսումնասիրություն տնտեսության ճյուղերում» հետազոտության շնորհանդեսը
Ս/թ. փետրվարի 6-ին Արմենիա Մարիոթ հյուրանոցում տեղի ունեցավ «Ուսումնասիրություն տնտեսության ճյուղերում» հետազոտության շնորհանդեսը: «Բեյքեր Թիլլի Արմենիա» ընկերությունը «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության պատվերով, «Աշխատաշուկայի հետազոտման և կանխատեսման աշխատանքների կազմակերպում» ծրագրի շրջանակներում, իրականացրել է «Ուսումնասիրություն տնտեսության ճյուղերում» հետազոտությունը: Հետազոտության նպատակն էր գնահատել տնտեսության ճյուղերի զարգացման հնարավորությունները ՀՆԱ-ի աճի տեսանկյունից, կանխատեսել պահանջարկ ունեցող մասնագիտությունները, աշխատուժի նկատմամբ գործատուների պահանջները, հստակեցնել գործատու-զբաղվածության պետական ծառայություն համագործակցության ընդլայնման հեռանկարները: Ընտրանքային հետազության մեջ ընդգրկվել է շուրջ 2500 գործատու, արդյունքում տեղեկատվություն է հավաքագրվել 2000 կազմակերպության վերաբերյալ: Կատարված հետազոտության արդյունքների հիման վրա տրվեցին եզրակացություններ և առաջարկություններ: Որպես ոլորտների զարգացման ընդհանուր խոչընդոտներ առանձնացվեցին դրամական միջոցների բացակայությունը, առողջ մրցակցության բացակայությունը, սահմանափակ իրացման շուկան, բնակչության անվճարունակությունը, գնաճը, փոխարժեքի տատանումները, ինչպես նաև վարկերի բարձր տոկոսադրույքը: Տեղական արտադրողներին աջակցելու նպատակով առաջարկվեց արտոնյալ պայմաններով վարկեր տրամադրել, խրախուսել արտահանումը և օրենսդրական բարեփոխումներ կատարել: Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ առաջիկայում աշխատաշուկայում մասնավորապես մեծ կլինի հետևյալ մասնագետների պահանջարկը` բժիշկներ, տնտեսագետներ, օպերատորներ, վարորդներ, դերձակներ և այլն: Շնորհանդեսին մասնակցում էին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Ա. Պետրոսյանը, նախարարության այլ պաշտոնատար անձինք, Գործատուների հանրապետական միության, Արհմիությունների կոնֆեդերացիայի և այլ շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչներ: Հետազոտության ներկայացումից հետո ծավալվեց ակտիվ հարց ու պատասխան: Մատնանշվեցին առանձին թերություններ, սակայն կատարված աշխատանքը բոլորի կողմից գնահատվեց դրական:
|