Հայաստանի Հանրապետության աշխատաշուկայի իրավիճակը
2010 թ. ապրիլի 1- ի դրությամբ
2010թ.-ի ապրիլի 1-ի դրությամբ աշխատանք փնտրող անձանց թվաքանակը հանրապետությունում կազմում է 101.3 հազ. մարդ, որը նախորդ տարվա համեմատ աճել է 2.3 հազ. մարդով (2.3%): Աշխատանք փնտրողների 83.3%-ը կամ 84.4 հազարը ունեն գործազուրկի կարգավիճակ, այդ թվաքանակում բարձր է կանանց տեսակարար կշիռը ( 69.9% կամ 59.0 հազ մարդ):
Աշխատանք փնտրողների թվաքանակի մեջ մեծ թիվ են կազմում աշխատաշուկայում անմրցունակ անձինք, հատկապես 3 տարուց ավելի գործազուրկի կարգավիճակում գտնվողները (19.4հազ. մարդ կամ 23.0%) և հաշմանդամները (1.2հազ. մարդ կամ չզբաղվածների 1.4%-ը):
Հանրապետությունում պաշտոնապես գրանցված գործազրկության մակարդակը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճել է 6.9%-ով և կազմում է 7.3%: Գործազրկության մակարդակը հանրապետության միջինից բարձր է Շիրակի՝ 12.4%, Սյունիքի՝ 11.4%, Լոռու՝ 11.2%, Կոտայքի` 9.8%, Տավուշի` 9%, մարզերում և Երևան քաղաքում` 7.8%: Բանվորական մասնագիտությամբ անձինք կազմում են գործազուրկների թվի 59.7%-ը: Ծառայողական մասնագիտություններ ունեցող գործազուրկների մեջ մեծ թիվ են կազմում հաշվապահները (2044), մանկավարժները (5060), ինժեներները (5094), բուժքույրերը (2655):
Տարեսկզբից աշխատանքի է տեղավորվել 2677 աշխատանք փնտրող, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճել է 22.9%-ով (2065 մարդ): Աշխատանքի տեղավորվածներից 712-ը երիտասարդներ են: Աշխատանքի տեղավորվածների 3.0%-ը տեղավորվել է գյուղատնտեսության, 3.1%-ը` հանքարդյունաբերության, 16.4%-ը` մշակող արդյունաբերության, 4.2%-ը` էներգետիկայի, գազի, ջրի արտադրություն և բաշխում, 17.9%-ը` առևտրի և սպասարկման, 15.2%-ը` շինարարության, 12.4%-ը` տրանսպորտի և 27.8%-ը տնտեսության այլ ճյուղերում: Հետբուհական կրթություն ունեցողների թիվը կազմում է գործազուրկների թվի 0.03%-ը նախորդ տարվա 0.02%-ի փոխարեն, բարձրագույն կրթություն ունեցողները գործազուրկների թվի 14.1%-ը` նախորդ տարվա 14.0%-ի փոխարեն, թերի բարձրագույն կրթություն ունեցողները` 0.6%-ը, նախորդ տարվա` 0.36 %-ի փոխարեն, միջին մասնագիտական կրթություն ունեցողները` 22.2%-ը նախորդ տարվա 22.6%-ի փոխարեն, նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթություն ունեցողները` 7.0%-ը, նախորդ տարվա` 7.7%-ի փոխարեն, ընդհանուր միջնակարգ կրթություն ունեցողները` 49.4 %-ը նախորդ տարվա 49.6 %-ի փոխարեն, հիմնական ընդհանուր կրթություն ունեցողները` 5.8 %-ը, նախորդ տարվա 4.8 %- ի փոխարեն, հատուկ ընդհանուր կրթություն ունեցողները` 0.17%-ը , նախորդ տարվա 0.3%-ի փոխարեն, տարրական կրթություն ունեցողները` 0.7%-ը, նախորդ տարվա`0.62%-ի փոխարեն:
Ըստ տարիքային ցենզի գործազուրկների թվում 16-18 տարեկանները կազմում են 0.6%` նախորդ տարվա 0.5%-ի փոխարեն, 19-24 տարեկանները` 6.1% նախորդ տարվա 6.3%-ի փոխարեն, 25-30 տարեկանները`11.8 % նախորդ տարվա 12.1%-ի փոխարեն, 31-34 տարեկանները` 9.7 % նախորդ տարվա 9.7 %-ի փոխարեն, 35-45 տարեկանները` 27.5% նախորդ տարվա 29.8%-ի փոխարեն, 46-54 տարեկանները` 27.8% նախորդ տարվա 27.6%-ի փոխարեն, 55-ից բարձր տարիքի անձինք` 16.5%` նախորդ տարվա 14.0%-ի փոխարեն:
Աշխատանքի տեղավորման լուրջ խնդիրներ ունեն երիտասարդները, որոնք չունենալով աշխատանքային փորձ և հմտություն մերժվում են գործատուի կողմից, իսկ մյուս կողմից 50 և ավելի տարիք ունեցողները, որոնք կորցրել են իրենց հմտությունները և չեն համապատասխանում գործատուի պահանջներին:
Գործատուների կողմից ներկայացվող թափուր աշխատատեղերի թիվը մարտին կազմել է 1236, որից 455-ը կրկնվող են: Թափուր աշխատատեղերը հիմնականում բժիշկների, դասավանդողների, իրավաբանների, մենեջերների, մատուցողների, գանձապահների, շուկայագետների, խոհարարների, պահածոյագործների, վարորդների, կարողների, գործակալների, վաճառողների, էլեկտրիկների, փականագործների, ավտովերանորոգողների, կռունկավարների, գրաշարների, հորատողների և այլ բանվորական մասնագիտություններով են:
Չնայած միջնակարգ կրթություն ունեցողների տոկոսը բավականին բարձր է գործազուրկների թվաքանակի մեջ, այնուամենայնիվ աշխատաշուկայում առկա է բանվորական աշխատուժի մեծ պահանջարկ: Բանվորական որոշ մասնագիտությունների գծով աշխատատեղերի շուրջ 40%-ը պարբերաբար կրկնվում են` հիմնականում ցածր աշխատավարձի, աշխատուժի ոչ բավարար որակավորման, աշխատանքային անբարենպաստ պայմանների, այդ թվում` աշխատաժամանակի, առանց հանգստյան օրերի աշխատելու պահանջի և այլ պատճառներով:
Շարունակվում է չլուծված մնալ հեռավոր շրջաններում թափուր աշխատատեղերի (բժիշկներ, ուսուցիչներ և այլն) լրացման խնդիրը:
Աշխատաշուկայի լարվածության մեղմմանն ուղղված զբաղվածության կարգավորման 2010թ. պետական ծրագրով ապրիլի 1-ի դրությամբ իրականացվել են հետևյալ ծրագրերը.
"Մասնագիտական ուսուցման կազմակերպում" ծրագրում ընդգրկվել է 192 գործազուրկ, 9 հաշմանդամ և 1 երկարամյա ծառայության և արտոնյալ պայմաններով կենսաթոշակ ստացող չզբաղված անձ:
"Ձեռնարկատիրական գործունեության պետական գրանցման համար գործազուրկներին և հաշմանդամներին պետական աջակցություն" ծրագրով ֆինանսական աջակցություն է տրամադրվել 35 չզբաղված անձի:
"Աշխատաշուկայում անմրցունակ անձանց աշխատանքի տեղավորման աջակցության նպատակով աշխատավարձի մասնակի փոխհատուցում գործատուին" ծրագրով տարեսկղբից աշխատանքի է տեղավորվել 57 աշխատանք փնտրող, որից 20-ը հաշմանդամ, իսկ նախորդ տարվանից այս ծրագրով շարունակում է աշխատել 185 աշխատանք փնտրող,
"Այլ վայր աշխատանքի գործուղվող գործազուրկի նյութական ծախսերի հատուցում" ծրագրով 3 գործազուրկ տեղափոխվել է այլ վայր աշխատանքի:
"Վարձատրվող հասարարական աշխատանքների կազմակերպում" ծրագրերը հանրապետության մարզերում գտնվում են քննարկման և հաստատման փուլում:
Մարտ ամսին գործազրկության նպաստի ստացման իրավունք ունի 26282 գործազուրկ, որոնց թիվը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 36.0%-ով (16836 մարդ), իսկ տարեսկզբի նկատմամբ նվազել է 0.8%-ով (26487մարդ):